Երեկ՝ մայիսի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 13:50–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Խաչատրյանը, ոստիկանության Վաղաշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու նուն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը: Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետն ու ավագ քննիչ Վարդանյանը:
Ոստիկաններն ու քննիչները Էջմիածին քաղաքից դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Չոբան-Քյարա» կոչվող խաչմերուկի բետոնե կանգառի մոտ հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Մեխակ Թամոյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր հատվածներում առկա են մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: