Սարդարապատի հուշահամալիրում նախագահ Վահագն Խաչատուրյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ հանձնեց 19 զինծառայողների և կամավորականների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարգևատրման արարողության ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Կառավարության անդամները, պատգամավորներ և օտարերկրյա դեսպաններ:
«Այս օրը շատ խորհրդանշական է մեզ համար և պատմության համար ամենակարևոր և ամենալուսավոր օրերից է: Երկար ու երկար դեգերումներից հետո մենք կարողացանք նորից ստանալ մեր պետությունը կառուցելու հնարավորություն: Եվ մենք մայիսի 28-ը նշում ենք որպես Հանրապետության օր: Դժվար ժամանակներ ենք ապրել, դժվար օրեր ենք ապրել, բայց կարողացել ենք մեր պետականությունը պահպանել: Մեր հաջողությունները պայմանավորված են եղել նրանով, որ մենք ապավինել ենք մեզ, վստահել ենք մեր ուժերին և կարողացել ենք հաղթել: Երբ մի փոքր հեռվից ենք նայում, այն ինչ տեղի է ունեցել, ուղղակի անհավանական է, չես էլ կարող հավատալ, որ կարելի էր 1918 թվականի այդ դաժան օրերին Ցեղասպանությունից հետո պետություն կերտելու մասին մտածել, բայց հայ ժողովուրդը, մեր նախնիները դա իրագործել են: Դրանից հետո այդպիսի հնարավորություն եղավ 1991 թվականին: Ընդհանրապես, Առաջին Հանրապետության, Խորհրդային միության տարիների մասին տարբեր գնահատականներ են տալիս, բայց, կարծում եմ, որ բոլորս էլ միասին գնահատում ենք և՛ մեկը, և՛ մյուսը : Այսօրվա մեր անկախ պետականությունը չէր լինի, եթե 1918 թվականը չլիներ և Խորհրդային միության այդ 70 տարիները չլինեին: 1991 թվականին այդպես վարվեցինք և հիմա էլ ենք այդպես վարվում: Մենք ապավինում ենք մեր ուժին, մեր հնարավորություններին, վստահում ենք մեր իշխանությանը, մեր ժողովրդին և համոզված ենք, որ իսկապես մենք կարողանալու ենք կերտել այն պետությունը, այն երկիրը, որի մասին երազում ենք»,- ասաց Խաչատուրյանը՝ շնորհավորելով բոլորին Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրված զորամասի ծառայությունների պետ, ավագ լեյտենանտ Արտակ Սիմոնյանը ասաց, որ 44-օրյա պատերազմին 2-րդ բանակային կորպուսի կազմում մասնակցել է Քարվաճառի մարտերին:
« 44-օրյա պատերազմի ընթացքում այդ հատվածում նահանջ չի եղել, բոլորը կանգնել են մինչև վերջ, պայքարել են մինչև վերջ, կռվել են մինչև վերջ: Ամեն մի զինծառայող, կամավորական և պահեստազորի անդամ մտածել է, որ հաղթանակը կախված է իրենից և ինքը պետք է այդ հաղթանակը կերտի: Գործել է ազգային գաղափար, գոյատևման գաղափար:
Շատ թերություններ կախված չէին զինծառայողներից կամ սպաներից, իսկ եթե մեր կողմից թերություններ եղել են, դրանք արագ շտկվել են: Եթե թշնամու օդային գերակայության խնդիրը լուծվեր, մնացած խնդիրները հաստատ կկատարեինք:
Ինչ վերաբերվում է ապագային, ապա պետք է ատամները սեղմել, գլուխներս կախ աշխատել: Ինչքան հնարավորություն ու ներուժ ունենք, պետք է ծառայեցնենք հանուն մեր երկրի և հանուն մեր ազգի: Այլ տարբերակ չունենք»,- նշեց Սիմոնյանը:
44-օրյա պատերազմին մասնակցած կամավորական, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրված Ոսկան Գյուլումյանի որդի Հրանտ Գյուլումյանը պատմում է, որ իր հայրը մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին:
«Հայրս մասնակցել է դեռ արցախյան առաջին պատերազմին՝ լինելով Հայոց ազգային բանակի հրամանատարներից մեկը: ՀԱԲ-ից հետո ընդգրկվել է հատուկ գնդում՝ զբաղեցնելով վաշտի հրամանատարի պաշտոնը: 44-օրյա պատերազմին նույնպես մասնակցել է և զոհվել Ջրականի պաշտպանական մարտերի ժամանակ: Կյանքը շարունակվում է, պետք է հպարտանանք մեր հերոսներով, պետք է գլուխներս բարձր պահենք և առաջ շարժվենք՝ շարունակելով նրանց արդար պայքարը և գործը: Սգալ պետք չէ»,- ընդգծեց Հրանտ Գյուլումյանը:
Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվեց զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ զորամասի բաժնի պետ, գնդապետ Հովիկ Աբրահամյանը, հետմահու պարգևատրվել է կամավորական Ոսկան Գյուլումյանը, «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով հետմահու պարգևատրվել է զորամասի հաշվարկի հրամանատար, ժամկետային պարտադիր զինծառայող, սերժանտ Աշոտ Պետրոսյանը, «Հայրենքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է կամավորական, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը և այլք: