ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։
«Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
1918թ. մեր պապերը անասելի ծանր, թվում է՝ անելանելի պայմաններում, մեր ժողովրդի համար ճակատագրական պահին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերսամարտերում աննկարագրելի սխրանքով, ինքնազոհողությամբ ու հայրենանվիրումով նվաճեցին անկախ պետականություն ունենալու մեր իրավունքը: Այդ հենքի վրա այսօր ունենք երրորդ հանրապետությունը, որի լինեիության, հարատևության մեր բաժին ընթացքի ապահովման պատիվն ու պատասխանատվությունն ընկած է բոլորիս ուսերին:
Մայիսի 28-ը մեր ազգային ինքնակազմակերպման, միասնականության, հայրենատիրության, սեփական ուժերին հավատալու և ինքնավստահության խորհրդանիշն է: Արժեքներ, որոնց հանդեպ անփութությունը, որոնց թերագնահատումը կարող են կործանարար լինել:
Անկախության ու պետության շարունակականությունը նաև մեր ներքին համերաշխության, փոխադարձ հանդուրժողականության, քաղաքացիական բարձր գիտակցության, իրավակարգի և օրինականության նկատմամբ խորին ակնածանքի գինն ունի:
Մենք չունենք այլընտրանք, քան հանրային ու պետական ինստիտուտների, ներքին ու արտաքին անվտանգության կառուցակարգերի ամրապնդումը:
Մեր ամենօրյա, անդուլ աշխատանքի ելակետն ու շարժառիթը հանրային բարիք ստեղծելը, այս հողն ու ջուրը սնելն ու փայփայելը պետք է լինեն և մեր հայրենակիցների՝ տուն վերադառնալու, մեզ հետ ուս-ուսի տված հայրենի պետությունը շենացնելու բոլոր պայմանները ստեղծելը:
Կրկին շնորհավորում եմ այս նվիրական տոնի առթիվ: Բոլորիս մաղթում եմ մեծ ու փոքր հաղթանակներ մեր ընդհանուր նպատակներին հասնելու աննահանջ ճանապարհին՝ այն գիտակցությամբ, որ չկա ու չպետք է լինի մեզ համար պետությունից և պետականությունից ավելի կարևոր ու ավելի թանկ բան», - նշված է ուղերձում։