00:00:00

«Այդ օրը լինելու է նրանց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը»․ Իշխան Սաղաթելյանը՝ հունիսի 3-ի ԱԺ արտահերթ նիստի մասին

21:12, 26 մայիս 2022 Քաղաքականություն

ԱԺ արտահերթ նիստը, որը պահանջել էին խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները, օրենքի ուժով այսօր նշանակվել է, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին նախատեսված նիստին, որի օրակարգում խորհրդարանական ընդդիմության հայտարարությունն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ  հարաբերություններ հաստատելու գործընթացների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին հրապարակել են այն կետերը, որոնք իրագործվելու դեպքում միայն հնարավոր են այդ հարաբերությունները։

Իշխան Սաղաթելյանն այս առնչությամբ ասաց՝ իշխող մեծամասնությունն այդքան համարձակություն չի ունենալու՝ ստորագրելու նշված հայտարարությունը։

«Այդ օրը մեր հասարակության այն հատվածը, որը դեռ մի նշույլ կասկած ունի, որ սրանք հայրենադավ են և երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի, դրանում կհամոզվեն։ Հունիսի 3-ին նրանք (ՔՊ խմբակցությունը-խմբ․) կամ կգան խորհրդարան, կասեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում կամ կգան, կստորագրեն այդ հայտարարությունը։

Ես վստահ հայտարարում եմ՝ իրենք չունեն այդ համարձակությունը, վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ և չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։

Եվ այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր