00:00:00

Միջազգային հանրությունը փորձում է վիժեցնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը. Արտակ Բեգլարյան

22:26, 23 մայիս 2022 Քաղաքականություն

Միջազգային հանրությունը փորձում է վիժեցնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի անվիճարկելի սկզբունքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցի, թե պատերազմից հետո ինքնորոշման իրավունքի սկզբունքի շուրջ ՀՀ իշխանությունների կողմից նահանջ նկատե՞լ է՝ ասաց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Այն որ հրապարակային շատ ավելի քիչ է նշվում ինքնորոշման իրավունքը՝ տեսանելի է։ Մյուս կողմից ես չեմ կարող մեկնաբանել ՀՀ իշխանությունների փոխարեն, թե միջազգային բանակցություններում ինչ է կատարվում, ինչ է մեկնաբանվում, ներկայացվում, բայց մեզ համար անընդունելի է ինքնորոշման իրավունքից նահանջ եւ Արցախի իշխանության դիրքորոշումը հստակ է։ Ի դեպ, Մադրիդյան սկզբունքներն այս առումով բավականին լուրջ հիմք են տալիս հետագա շարունակության համար, իհարկե, գիտակցում եմ, որ Ադրբեջանն առավելագույնն է անում է վիժեցնելու Մադրիդյան սկզբունքները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, բայց մյուս կողմից ե՛ւ ԵԱՀԿ ՄԽ–ի մանդատը ե՛ւ այդ մանդատի շրջանակներում հաստատված Մադրիդյան սկզբունքները որեւէ կերպ չեն չեղարկվել որեւէ կողմից, միայն Ադրբեջանն է վիճարկում այդ սկզբունքները»,– ասել է նա։

Արտակ Բեգլարյանը հիշեցրել է, թե որոնք են այդ սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Երկրորդ եւ երրորդ սկզբունքները, նրա խոսքով, վաղուց ժամանակավրեպ են Ադրբեջանի ագրեսիվ եւ ապակառուցողական վարքի պատճառով։

«Տարածքային ամբողջականությունը փաստացի միջազգային ընկալմամբ ժամանակավրեպ է, որովհետեւ միջազգային ընկալմամբ ասելով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, նկատի ունեին նախկին ԼՂԻՄ տարածքներից դուրս գտնվող տարածքների վերադարձը Ադրբեջանին, ինչը տեղի է ունեցել պատերազմից հետո եւ մի բան էլ ավելին, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասը՝ Հադրութն ամբողջությամբ, Շուշիի, Ասկերանի շրջանների մի մասը հիմա գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ, ուստի տարածքային ամբողջականության մասին չպետք է խոսել, իսկ ուժի չկիրառման սկզբունքը կոպտորեն ոտնահարվել է Ադրբեջանի կողմից, եւ միջազգային հանրությունը լուռ կերպով դա ընդունել է ու այստեղ շատ վտանգավոր է, որ միջազգային հանրությունը փորձում է ուժի ապօրինի, ապալեգիտիմ չկիրառման միջոցով տեղի ունեցած, արձանագրված արդյունքները լեգիտիմացնել, դրանից բացի, փորձում է վիժեցնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի անվիճարկելի սկզբունքը։ Այս տեսանկյունից՝ միջազգային գործընկերները,  առաջնահերթ ՀՀ իշխանությունները,  պետք է հաշվի առնեն այս երեւույթները եւ այս ելակետները ներկայացնեն միջազգային բանակցություններում»,– ասաց նա։

Արցախի պետական նախարարի համար մի կողմից ողջունելի, մյուս կողմից էլ մտահոգիչ է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո արված այն հայտարարությունը, թե ինքը «շեշտել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգություը։

«Ողջունելի է, որ արցախցիների իրավունքների ու անվտանգության մասին այդ մակարդակով կրկին հայտարարություն եղավ։ Իսկ թե իրավունք  ու անվտանգություն ասելով ինչ նկատի ունի Շարլ Միշելը, բնականաբար, մեկնաբանության հարց է։ Արցախի իշխանությունների եւ քաղաքացիների համար իրավունքները ներառում են նաեւ անվիճարկելիորեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Իրավունքների ու անվտանգության հետ ուղիղ կերպով փոխկապակցված է նաեւ կարգավիճակի հարցը։ Եթե այս կոնտեքստով նայենք ու մեկնաբանենք, բնականաբար, ողջունելի հայտարարություն է, բայց հաշվի առնելով նախապատմությունը, կոնտեքստը, այլ հայտարարությունները, նաեւ ընդհանուր  դիվանագիտական լեքսիկոնի մեկնաբանման կանոնները, կարծում եմ՝ այստեղ որոշակի պոտենցիալ մտահոգություններ կարող են լինել»,– ասաց նա։

Ըստ Արտակ Բեգլարյանի՝ մտահոգիչ է նաեւ այն, որ «ի տարբերություն մի շարք այլ հատվածների այս հայտարարության մեջ, տվյալ հատվածում ոչ թե նշվում է, որ բոլոր կողմերը համաձայնեցին, երկուստեք պայմանավորվեցին, այլ այն, որ Շարլ Միշելը երկու ղեկավարներին նշել է, որ անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքների եւ անվտանգության հարցերը, այսինքն՝ այստեղ մեզ համար մտահոգիչ հարցեր կան»։

Արցախի պետական նախարարի խոսքով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատերազմից հետո աչքի չի ընկել ինքնորոշման իրավունքի մասին խոսելու փորձով։

«Այս տեսանկյունից առաջնահերթ մեզ համար շատ կարեւոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումներն ու ինքնորոշման իրավունքի սկզբունքի շեշտադրումը, նոր երկրորդ հերթին մնացած բոլոր միջազգային դերակատարների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահի ազդեցիկ հայտարարության մեջ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի շեշտադրումը։ Իհարկե, ես հասկանում եմ կոնտեքստը, բայց չեմ ցանկանում փորձագիտական մեկնաբանություն անել, քանի որ բարձրաստիճան պաշտոնատար անձ եմ եւ իմ խոսքը կարող է այլ կերպ մեկնաբանվել»,– ասաց Բեգլարյանը։

Հարցին, թե ինչպես են դիտարկում այս հայտարարությունը Արցախի իշխանությունները, պետական նախարարն ասաց. «Արցախի իշխանությունները մեկ հայտարարությամբ չեն կողմնորոշվում ընդհանուր զարգացումների համատեքստը, եւ դա շղթայական զարգացում է, որտեղ որոշակի ազդեցություններ կարող են ունենալ նաեւ Արցախի եւ Հայաստանի իշխանությունները, բայց Արցախի իշխանությունների համար ամենակարեւորն այն է, որ  մենք քանիցս մեր դիրքորոշումը հստակորեն արտահայտել ենք պատերազմից հետո, այդ թվում՝ նախագահ Հարությունյանը, ապրիլին ԱԺ–ն է հայտարարություն կատարել եւ այս կուրսը մեզ համար հստակ է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն անսակարկելի, անզիջելի իրավունք ու սկզբունք է եւ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա նաեւ այս սկզբունքի ու առաջնահերթորեն այս սկզբունքի հիման վրա։ Մենք ենք մեր ինքնորոշման իրավունքի տերը եւ մենք հստակորեն ասում ենք, որ գնում ենք անկախության միջազգային ճանաչման ճանապարհով եւ Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով Արցախը չի կարող լինել, իսկ մնացածն արդեն միջազգային ընկալումների, միջազգային մեկնաբանությունների հարց է։ Ես հատուկ կուզեմ շեշտադրել, որ մեր դիրքորոշումը շատ հստակ մենք կոմունիկացրել ենք Հայաստանի իշխանությունների հետ, եւ կարծում եմ, որ նրանք ամբողջությամբ հաշվի են առնում Արցախի իշխանությունների ու ժողովրդի դիրքորոշումը։ Կարծում եմ, որ միջազգային բանակցություններում ներկայացնում են, թե Արցախի իշխանություններն ինչ դիրքորոշում ունեն»,– ասաց Արցախի պետական նախարարը։

Անդրադառնալով նախագահ Արայիկ Հարությունյանի շաբաթներ առաջ արված հայտարարությանը, թե հավանական է համարում Ռուսաստանի հետ ուղղահայաց հարաբերությունները, եւ հարցին, թե ինչ քննարկումներ կան այդ հայտարարության շուրջ, Արտակ Բեգլարյանն ասաց, որ Արցախը Ռուսաստանի հետ հարաբերություններ ունի, իհարկե, և ցանկալի է, որ այդ հարաբերությունները ավելի զարգանան։

«Իսկ թե նախագահի խոսքը ով ինչպես է մեկնաբանել, չեմ կարող ասել։ Ուղղահայաց ասելով տարբեր պայմաններ, տարբեր միջավայրեր, հանգամանքներ կարելի է ընկալել։ Մեզ համար, այդ թվում՝ Արցախի նախագահի համար առաջնահերթ է Արցախի անկախության միջազգային ճանաչումը, որեւէ այլ տարբերակ մենք չենք քննարկում,  1991 թվականից  սա է մեր ժողովրդի ընտրած տարբերակը, եթե այլ տարբերակ մենք քննարկենք, կրկին ժողովուրդը պետք է որոշի»,– ասաց նա՝ հավելելով, որ չի կարող ասել, թե ինչ է նկատի ունեցել Արցախի նախագահը՝ Ռուսաստանի հետ ուղղահայաց հարաբերություններ ասելով։ 

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, Արտակ Բեգլարյանն ասաց. «Այս մասով մեր դիրքորոշումն անսակարկելի ու անզիջելի է։ Արցախի Ազգային ժողովի ապրիլի 14–ի հայտարարությունը ամբողջ իշխանության եւ ժողովրդի հայտարարությունն էր։  Որեւէ ձեւով կարգավիճակի որեւէ նշաձող իջեցնելու հնարավորություն մենք չենք տեսնում»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր