Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում մայիսի 19-ին միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացին մետրոպոլիտենի շարժասանդուղքով իջնելիս՝ փորձել է գրպանից հանել բջջային հեռախոսը, սակայն, կորցնելով ինքնակառավարումը, ընկել է։
Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը դեպքի հետ կապված ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անդրադառնալով «Գարեգին Նժդեհ» կայարանում տեղի ունեցած դեպքին՝ թույլ տվեք ընդգծել, որ
շարժասանդուղքի կանգը հերթապահի կողմից գրանցվել է ժամը 10։02-րոպեին։
Դեպքի մասին հերթապահը տեղեկացրել է մետրոպոլիտենի գնացքային կարգավարին, ով էլ ժամը 10։03 րոպեին կանչել է շտապօգնություն։
Մինչ շտապօգնության ժամանելը՝ մետրոպոլիտենի աշխատակիցների և մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանների օգնությամբ ուղևորին իջեցրել են կառամատույցի վրա, որտեղ էլ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։
Ժամը 10։15 րոպեին ժամանել է շտապօգնության բրիգադը և ուղևորին տեղափոխել հիվանդանոց։
Ուզում եմ հավելել նաև, որ դեպքի հետ կապված ուղևորը բողոքներ չունի»։