Ապրիլի 17-ից Հայաստանում մեկնարկած բողոքի ակցիաների ընթացքում մասնակիցները փակում են փողոցներ, իրականացնում երթեր, հանրահավաքներ, իրազեկման աշխատանքներ։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ բողոքի ակցիայի կազմակերպիչներին մեղադրում են իրենց կողմից 2018 թվականին կիրառած տեխնոլոգիաները կիրառելու մեջ՝ ասելով, թե իրենցից են սովորել փողոցներ փակել։
Ընդդիմությունն էլ հակադարձելով իշխանությանը՝ նշում է, որ փողոցով իշխանության եկածներին պետք է իշխանությունից հեռացնել հենց փողոցային պայքարի միջոցով։ Նրանք նաև իշխանությանը հիշեցնում են, որ իրենք որևէ պետական շենք չեն մտել և որևէ պետական շենքի դուռ չեն ջարդել. նկատի ունեն 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների կողմից Ռադիոտուն մտնելը։
168.am-ի հետ զրույցում ԱԺ նախորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատմաբան-միջազգայնագետ Գոռ Գևորգյանն անդրադառնալով իշխանության կողմից եղած այս քննադատություններին, նկատեց՝ անմիտ է համարում այդ խոսակցությունները, թե ով ում է նմանակում։
«Գործընթաց է գնում և այդ գործընթացն ըստ էության անում է այն գործողությունները, ինչ անում է։ Թե հիմա մեթոդաբանական առումով պայքարի ի՞նչ մոդել են ընտրել ու ինչի՞ են ուզում հասնել, դրանք տարբեր բաներ են։ Այդ հայտարարություններին ուշադրություն դարձնելու կամ մեղադրանքներ հնչեցնելու իմաստը չեմ հասկանում, այսինքն՝ չեմ հասկանում, թե դրանով իշխանությունն ի՞նչ է ուզում ասել, որ ընդդիմությունն այսպե՞ս է պայքարում։ Ամբողջ աշխարհում ընդունված պայքարի տարբեր ձևեր կան, մեկը մեկից ինչ-որ բան վերցնում, ընդօրինակում է և փորձում է այդ ամենը կիրառել իր ներքաղաքական օրակարգում»,- նշեց Գոռ Գևորգյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանում սկսված ներքաղաքական զարգացումների հաջողությանը, նախկին պատգամավորն ասաց, որ չի կարող ենթադրություններ անել, սակայն ակնհայտ է, որ կա ճգնաժամ, որքան էլ փորձեն դա լավատեսորեն թաքցնել։
«Այս ճգնաժամն այսօր չի առաջացել, այն եղել է և այսօր ավելի է խորացել, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո։ Այս ճգնաժամի վերաբերյալ որևէ կարծիք արտահայտելը, կարծում եմ՝ եթե ոչ ժամանակավրեպ է, գոնե առնվազն տեղին չէ»,- հավելեց Գոռ Գևորգյանը։
Ինչ վերաբերում է դասադուլ և գործադուլ անելու մասին ընդդիմության կոչերին, որին միացել են որոշ ուսանողներ և դասախոսներ, Գոռ Գևորգյանը նշեց, որ վերջին օրերին հայտարարություն տարածվեց, որ ուսանողության նկատմամբ բռնությունները պետք է դադարեցնել և դատապարտել։
«Առհասարակ որևէ տեսակի բռնության դեմ եմ և դա միշտ եմ հայտարարել, սա նաև իմ քաղաքացիական դիրքորոշման շրջանակներից է բխում։ Էլ չեմ խոսում ուսանողության մասին, որոնք մշտապես եղել են ու, հուսով եմ՝ կմնան մեր հանրության, այսպես ասած, շարժիչ ուժը։ Թե որքանով են կիրառվում դասադուլի ու գործադուլի հայտարարությունները՝ դժվարանում եմ ասել, սակայն այն ֆակուլտետում, որտեղ ես դասախոսում եմ, որքանով տեղյակ եմ՝ դասապրոցես, որպես այդպիսին, չկա։ Կամ՝ եթե դասի գալիս են, ապա գալիս են առանձին ուսանողներ։ Ինքս այս տարի պարզապես դասաժամեր չունեմ, ինչ էլ որ ունեմ, գրեթե խորհրդատվական հարթակ են իրենցից ներկայացնում»,- եզրափակեց Գոռ Գևորգյանը։