Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, ապա առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգու տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է, ավտոմեքենայում էլ հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները մարել են կողաշրջված ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Էլեկտրասյան տապալման հետևանքով Մարմարաշեն գյուղի և մայրուղուն հարակից մեծ թվով գազալցակայաններ և սեփական տներ հոսանքազրկվել են։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղի Մասիսի ստորաբաժանման աշխատակիցները, ովքեր այս պահին կատարում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարված էլեկտրասյունը նորով փոխարինելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Նրանք ժամանել են հատուկ տեխնիկաներով և նոր բետոնե էլեկտրասյունով։
Տեղում հետաքննական աշխատանաները ղեկավարում է ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտակ Բադալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանոթյունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են և նրանց 3 երեխաները, ովքեր բնակվում են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։
Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քաղաքացիների օգնությամբ մանիպուլյատորով դարձի բերվեց և քարշակով տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։