Այսօր՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 17 տան պատին
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել և բնակիչների արագ և օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները ամուսիններ են, ովքեր «Աբովյան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: