Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 76 կմ հատվածում, Մաստարա գյուղի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են. 2-ը՝ Թալինի բժշկական կենտրոն, 3-ն էլ՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու Թալինի հրշեջ-փրկարարները:
Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: