Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հանուն սուրբ հողի պաշտպանության ոտքի ելան բազմաթիվ հայորդիներ: Նրանցից էր Միքայել Արզումանյանը:


Հերոսի առաջին ուսուցչուհի Սվետլանա Հովհաննիսյանի խոսքով՝ Միքայելը համեստ էր, դասընկերների հանդեպ ուշադիր, իսկ նրա աշխատասիրությունն անմիջապես աչքի էր զարնվում:
Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանի դիվիզիոնի հրամանատար ԲՀՄ գծով տեղակալ Գրիգորի Ասրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Միքայելը պատրաստակամ, ազնիվ, ընկերասեր մարտիկ էր:

«Պատերազմի առաջին օրվանից կամավորագրվեց ու միացավ մեր ստորաբաժանմանը: Իր առջև դրված յուրաքանչյուր մարտական խնդիր կատարում էր բարեխղճորեն, ժամանակին ու որակյալ: Նա ոգևորում էր իր ընկերներին հաղթանակ տոնելու հույսով»,-պատմել է Գ Ասրյանը:
Հոկտեմբերի 31-ին թշնամին Մարտունի քաղաքի մատույցներում՝ Կաքավաձոր կոչվող տեղանքում, թիրախավորում է հրետանավորների գտնվելու վայրը, և անօդաչու թռչող սարքի հասցրած օդային հարվածից զոհվում են Միքայելն ու իր վեց ընկերները:

Մարտական ընկերների հիշատակին նրանց զոհվելու վայրում հուշաքար է կանգնեցվել , որն արդեն սրբատեղի է բոլորի համար: