Սյունիք այցի երկրորդ օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ Կապանի ՄԻՊ ստորաբաժանման գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինին, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին։
ՄԻՊ-ից հայտնում են, որ պատվիրակության անդամները ծանոթացան Կապանի ՄԻՊ ստորաբաժանման աշխատանքներին և գործունեությանը։
Գրասենյակում կազմակերպվել էր նաև հանդիպում «Ծիածան» Առաջնորդների կրթական կենտրոնի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանի և «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության փոխնախագահ Արմենակ Դավթյանի հետ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպությունների գործունեությունը, անդրադարձել ներկայիս խնդիրներին, ինչպես նաև առաջարկել նոր ծրագրեր ու գաղափարներ՝ ՀԿ-ների արդյունավետությունը բարձրացնելուն միտված։
Այնուհետև, Պաշտպանը և պատվիրակության անդամները փակ հանդիպում են ունեցել գերեվարված քաղաքացու հարազատի հետ։
Հանդիպման ավարտից հետո պատվիրակությունը ուղևորվել է Գորիս։