Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նաև երկկողմ հիմունքներով շարունակում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հարցում։ Այս մասին ասված է ապրիլի 11-ին այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում։
«Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի հասնի մարդասիրական հարցերի լուծման համար առաջընթացի, աջակցում է սահմանագծման աշխառանքներին, տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը, ժառանգության պահպանմանը, երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն ու Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը կասկած էր հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է իր աշխատանքները, քանի որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ուկրաինայի իրադարձությունների պատճառով հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ այս ֆորմատում։