Երեւանում, ապրիլի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 19։40-ի սահմաններում «Մարգարյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կրտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի պատանի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Հայկ Փ․-ն է, ով դանակահարվել է ժամը 19։00-ի սահմաններում, Արամի փողոցի վրա գտնվող «Մալիբու» այգում։
«Մարգարյան» բժշկական կենտրոնում վիրավորին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Մինչ նշված կենտրոնի բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության, անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Կենտրոն և Նորք-Մարաշ վետերանների խորհրդի անդամների հետ, պարզել են դանակահարողի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Ա․-ն է։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։ Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ Արթուր Ա․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։