00:00:00

Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության հետևողական ջանքերը գերության մեջ գտնվողների վերադարձման ուղղությամբ

15:11, 05 ապրիլ 2022 Քաղաքականություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստանի Հանրապետություն բարեկամական խմբի անդամներին՝ գլխավորությամբ խմբի ղեկավար Թիմ Փոլ Լոութընի։

 

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

 

Ողջունելով ՄԹ Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության այցը Հայաստան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է բերել ներկաներին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում աջակցության և մշտական ուշադրության համար։

 

Նորին Սրբությունն իր մտահոգություններն է հայտնել Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի դեմ նոր ոտնձգությունների և շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր է նկատել միջազգային հանրության հետևողական ջանքերը գերության մեջ գտնվողների վերադարձման ուղղությամբ։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ արձանագրել է ՄԹ Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի և Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի միջև ձևավորված սերտ գործակցությունը։

 

Իր խոսքում խմբի նախագահ Թիմ Փոլ Լոութընը կարևորել է ջանքերի գործադրումը հանուն Արցախում խաղաղության հաստատման և արցախահայության ապահով կյանքի իրավունքի, նաև պատրաստակամություն հայտնել այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում իր աջակցությունը բերելու հայ ժողովրդին։

 

Այցի առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքն է հայտնել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ ու նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ միջազգային տարբեր ատյաններում արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության և Արցախին մշտապես ցուցաբերվող զորակցության համար։

 

Զրույցի ընթացքում ՄԹ Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի և Լորդերի պալատի անդամ, Անգլիական Եկեղեցու Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆեր Ջոն Բոքսվորթը Նորին

 

Սրբությանը փոխանցել է Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի ողջույնները։ Քովենթրիի եպիսկոպոսը նաև հետաքրքրվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության վիճակի մասին։

 

Վեհափառ Հայրապետը տեղեկություններ է փոխանցել Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի կողմից սրբավայրերի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր