00:00:00

Ադրբեջանը մեր դեմ նոր ագր եսիա է նախապատրաստում․ Հրանտ Բագրատյան

21:23, 02 ապրիլ 2022 Լեռնային Ղարաբաղ

Լայնամասշտաբ պատերազմը հավանական է, Ադրբեջանը զինվում է նորագույն զենքերով։ Օրինակ՝ «Բայրաքթարը», որը 2020-ի պատերազմի հիմնական գործոնն էր, հիմա կատարելագործվել է։ Դա ռազմավարական ԱԹՍ է, դրանով Ադրբեջանն ո՞ւմ դեմ է կռվելու, երբ չորս հարևան ունի։ Այդ երկրի ռազմական բյուջեն իրական թվերով կավելանա մոտ 50 տոկոսով, քանի որ գազի գներն էապես աճել են, ինչը մեջքից հարված էր Ռուսաստանին։ Փաշինյանն ինքը օրերս խոստովանեց, որ հարձակման վտանգն իրական է, անգամ հնարավոր ուղղությունները նշեց։ Իշխանությունն արդեն տեսնում ու հասկանում է վտանգը, բայց երբ շաբաթներ շարունակ նկատում էին կուտակումները, չէի՞ն հասկանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այդ զենքերը գնում։ Ագրեսիան հասունանում է, և եթե պատերազմ սկսվի, ժողովրդական ալիքը կսրբի այս իշխանություններին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Պատերազմին հաջորդած մեկուկես տարում ոչինչ չենք արել, որ հետագա ագրեսիան ռազմականապես չեզոքացնենք, միայն քաղաքականապես ասել ենք՝ «Թող խաղաղություն լինի, մեզ բանակ պետք չէ»։ Մեր ռազմական բյուջեն դրամային հաշվարկով 11 տոկոսով ավելացել է, բայց իրական թվերով նվազել է, քանի որ գնաճն ավելի մեծ է։ Ադրբեջանի աճը 22 տոկոս է։ Հակառակորդը հինգ սկզբունք է ներկայացրել մեզ, որոնց պետք է պատասխանել երեք լրացուցիչ կետով, նախ՝ Արցախի հարցն այդ սկզբունքների հետ կապ չունի, ինչպես ասաց Լավրովը, ապա՝  Ադրբեջանը, և մենք պետք է ունենանք միևնույն թվաքանակով բանակ, քանի որ նրանց մոբիլիզացիոն ռեսուրսը հինգ անգամ մեծ է, և անգամ Թուրքիան կարիք չունի խառնվելու նոր պատերազմին, ի վերջո՝ Ադրբեջանը և մենք պետք է ռազմական ծախսերի համար նախատեսենք, օրինակ, 300-ական մլն դոլարից ոչ ավելի։ Սա կլինի իրական խաղաղության պայմանագիր, բայց եթե այս քայլերը չարվեն, վաղը կարող է ուշ լինել։ Չեմ լսել, որ իշխանությունն ասի՝ մենք այդ կետերին ավելացնելու բան ունենք»,- ասաց քաղաքական գործիչը։

 

«Ի՞նչ է կատարվել Արցախում՝ նախ եղել է հայ-ադրբեջանական պայմանավորվածություն ռուսների միջնորդությամբ հայելային հետքաշման մասին։ Մենք մեզ հիմարի տեղ դրինք, դա արվեց, որ մենք բարձունքից իջնենք։ Երևանը կամ Ստեփանակերտը չէի՞ն հասկանում, որ դա սխալ է, դժվա՞ր էր կանխատեսել, որ նրանք կզավթեն այն, ինչո՞ւ էիք Քարագլխից իջնում։ Ի՞նչ հայելային հետքաշում Սյունիքում, մենք այնտեղ արդեն տարածքներ ենք տվել։ ՀՀ տարածքն անգամ «Վիկիպեդիան» է 64 քառ․ կմ-ով նվազեցրել։ Ադրբեջանը սահմանագիծը չի ճանաչել, ի՞նչ հայելային հետքաշում, դա դավաճանական քայլ է։ Եթե Երասխում հետ քաշվենք, այդ գյուղը հանձնելու ենք, վաղը կասեն՝ մտել են գյուղ, խախտել են պայմանը։ Մտածում էին՝ որ Փառուխում ու Խրամորթում լարվածություն չլինի, հետ քաշվենք, հետ են քաշվել, թշնամին եկել, նստել է, և մենք ուժեր չունենք դիմակայելու։ Իսկ խաղաղապահները պատերազմ վարելու համար չեն, խաղաղությունը պահպանելու համար են»,- նշեց Բագրատյանը:

 

 

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Ռուսաստանի համար անհասկանալի է, երբ վարչապետը պարբերաբար իր մոտ է հրավիրում արտախորհրդարանական ուժերի այն ղեկավարներին, որոնք ռուսներին ամենաշատն են հայհոյում.

 

«Մենք չենք կարողացել հետ գրավել Քարագլխի բարձունքը, Արցախում զինվորի պակաս ունենք։ Արցախի իշխանությունն արդեն ասում է, որ առանց ռուսների մի օր էլ չեն կարող մնալ։ Միակ շանսը նրանց համար ՌԴ-ի կազմ մտնելն է, քանի որ Մինսկի խումբ չկա, նրանք հրաժարվում են հավաքվել և քննարկել Արցախի հարցը, Ալիևն այդպես է հրահանգել։ Մինսկի խմբի անդամները, այդ թվում՝ Ֆրանսիան, հրաժարվում են Արցախի նախագահի հետ հանդիպել։ Ուկրաինական այս իրադարձությունների ֆոնին այդ երեք երկրների միջև Արցախի հարցի քաղաքական կարգավորումն անհնարին է։ Այսօր մենք չենք կարող մոտենալ այն ազդեցությանը, որն ունի Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ, նրա ազդեցությունը հարյուրապատիկ ավելի է։ Հայաստանը գիտի, որ Մինսկի խումբը չի հավաքվի, բայց հանրությանն ասում է՝ գոնե դիմել ենք, փորձել ենք։ Մինսկի խումբն այս հարցը չլուծեց երեսուն տարի, հիմա առավել ևս չի լուծելու։ ՌԴ-ն և ԱՄՆ-ը այսօր մի հարցով են համագործակցում՝ Իրանի միջուկային ծրագրի, այլ հատման կետ նրանք չունեն»:

 

«Լավ թե վատ՝ խաղաղապահներն իրականացնում են իրենց մանդատը, և եթե չլինեն՝ Արցախը հինգ րոպեում կվերանա։ 2020-ի նոյեմբերի 3-7-ը բոլոր արցախցիները Վարդենիս-Մարտակերտ ճանապարհով գալիս էին Հայաստան, ադրբեջանցիներն էլ չէին կրակում, և նոյեմբերի 8-ին այնտեղ մնացել էին միայն զինվորականներ և ևս 150 հոգի։ Թղթի ստորագրումից հետո ասացին՝ հետ եկեք, կարծում էին՝ Ստեփանակերտը հանձնվելու է, ցեղասպանություն է լինելու։ Հայաստանը պետք է հասկանա, որ նույնիսկ խաղաղապահների առկայությամբ Արցախում լուրջ զինուժ ու տեխնիկական հարմարանքներ են պետք, և եռակողմ համաձայնագրի առկայությունը բնավ չի նշանակում, թե լարվածությունը թուլանալու է։

 

 

Ադրբեջանի և Թուրքիայի ուշադրությունն ուղղված է երկու հարցի՝ հայաթափել Արցախը, ապա միջանցք ճեղքել և գրավել Սյունիքը։ Էրդողանը Հայաստանի նկատմամբ պատրաստվում է գործողությունների, իսկ երբ Ադրբեջանը կսկսի հերթական ագրեսիան, Թուրքիան կասի՝ դա պայմանավորվածությունների շրջանակում է։ Չէ՞ որ Փաշինյանը վախից ամեն ինչ խոստանում էր, բայց եթե անգամ ինչ-որ բաների բանավոր համաձայնել է, դա առոչինչ է»,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր