00:00:00

Պետդուման կարձագանքի Ադրբեջանի կողմից Միխայիլ Դելյագինի նկատմամբ հետախուզում հայտարարելուն

13:18, 30 մարտ 2022 Աշխարհ

Պետդուման կարձագանքի Ադրբեջանի կողմից պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ հետախուզում հայտարարելուն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։ Նա նաեւ նյարդային եւ սխալ է անվանել երկրի դատախազության գործողությունները։

«Սա նյարդային, սխալ ​​գործողություն է: Մենք կարձագանքենք նման հայտարարություններին եւ կփորձենք քայլեր ձեռնարկել մեր գործընկերներին հանգստացնելու համար»,- ասել է Չեպան։ 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտարարել էր Դելյագինի դեմ քրեական գործ հարուցելու մասին՝ հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքները եւ նավթարդյունաբերությունը ոչնչացնելու կոչի համար, ինչպես նաեւ որոշում է կայացրել նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին։ 

Հիշեցնենք, որ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը մարտի 28-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել կոշտ եւ միանշանակ պատժել Ադրբեջանին կամ, ինչպես ինքն է ասել, «թուրքական պրոքսիին»՝ ԼՂ-ում նրա գործողությունների եւ ռուս խաղաղապահներին չհնազանդվելու համար։

Նրա խոսքով՝ Բաքվից հարձակման վտանգ կա, քանի որ ադրբեջանցիները խախտել են Արցախում հրադադարի ռեժիմը։ «Մեր ՊՆ-ն հայտարարեց, որ նրանք հետ են քաշվել, իսկ Բաքուն պաշտոնապես հայտարարում է, որ չի լքում զբաղեցրած տարածքները։ Ուստի իրական վտանգ կա Թուրքիայի, ավելի ճիշտ՝ թուրքական պրոքսիի կողմից։ Պետք է պատժել խիստ եւ միանշանակ։ Ինչո՞ւ է մեզ պետք Ադրբեջանի նավթարդյունաբերությունը. Մենք դրա կարիքը չունենք: Եթե ​​մարդիկ խոսքով չեն հասկանում, հավանաբար ստիպված կլինենք գործով հասկացնել։ Եթե ​դա ​չանենք, մենք չենք լինի»,- ասել է պատգամավորը։

Նշենք, որ Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել են, որ Դելյագինի մեկնաբանությունները չեն արտացոլում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը։

Ինքը՝ Դելյագինը, ներողություն է խնդրել բոլոր ազգերի ներկայացուցիչներից, որոնց վախեցրել են իր խոսքերը, եւ նշել է, որ իր ներողությունը չի վերաբերում այն ​​մարդկանց, որոնք իրեն չեն հասկացել, քանի որ ռուսերենից միայն անպարկեշտ արտահայտությունները գիտեն։

Դելյագինը նաեւ նշել է, որ իր հայտարարությունը հասցեագրված է ոչ թե Ադրբեջանի ժողովրդին եւ պետությանը, այլ ադրբեջանական բյուրոկրատիայի որոշ հատվածին, որը որոշել է, որ կարող է չկատարել Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր