Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծում իրավիճակի սրմանը` մեղադրելով Հայաստանին։
Ի պատասխան Հայաստանի արտգործնախարարության հայտարարության՝ Բաքուն պնդում է, թե Երեւանը փորձում է «մոլորեցնել միջազգային հանրությանը»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն չի համարձակվել հերքել իր բանակի սադրիչ գործողությունները։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Ինչ վերաբերում է մարտի 8-ից ի վեր գազամատակարարման ընդհատմանը, ապա Ադրբեջանի ԱԳՆ-ն դա բացատրում է «բարդ եղանակային պայմաններով» առաջացած «տեխնիկական խնդիրներով» եւ կրկին մեղադրում է Հայաստանին «իրավիճակը որպես քաղաքական շահարկման գործիք օգտագործելու» մեջ։ Ստացվում է, որ երկուսուկես շաբաթն Ադրբեջանի համար քիչ է՝ գազատարը վերանորոգելու համար, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նրան ոչ ոք չի խնդրել այն վերանորոգել, բավական էր, որպեսզի դա աներ հայկական վերանորոգման թիմը։ Հետաքրքիր է, թե որքան ժամանակ կպահանջվի խողովակաշարի վերանորոգման համար, եթե դա վերաբերի Ադրբեջանում տեղի ունեցած վթարին:
Եզրափակելով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ «այս պահին տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման միակ միջոցը ստորագրված համատեղ հայտարարությունների դրույթների ամբողջական կատարումն է, ներառյալ՝ հայկական անօրինական կազմավորումների դուրսբերումը եւ միջազգային իրավական սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորումը»։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա եւ չի եղել, եւ խոսքը Պաշտպանության բանակի մասին է, որտեղ ծառայում են Արցախի բնակիչները։ Պահանջելով դուրս բերել «հայկական անօրինական կազմավորումները»՝ Ադրբեջանը դրանով հաստատում է էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Միաժամանակ, Ադրբեջանը մշտապես կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարության առաջին դրույթը, որին անընդհատ հղում է կատարում, այն է՝ կողմերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերի վրա։