Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ Ուկրաինային աջակցելու կոչով։
Ինչպես հաղորդում է UNIAN-ի թղթակիցը, դիմելով Եվրոպական խորհրդին, Զելենսկին ուղղակիորեն դիմել է Օրբանին.«Հունգարիա... Ես ուզում եմ կանգ առնել այստեղ և անկեղծ լինել: Մեկընդմիշտ: Դուք ինքներդ պետք է որոշեք՝ ում կողմից եք: Դուք ինքնիշխան պետություն եք»։
Զելենսկին նշել է, որ ընտանիքի հետ եղել է Բուդապեշտում և տեսել է «Կոշիկներ Դանուբի ափին» հուշահամալիրը (խոսքը Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մասին է, որը տեղադրվել է 2005 թվականին Բուդապեշտում Դանուբի ափին):
«Լսի՛ր, Վիկտոր, գիտե՞ս՝ ինչ է կատարվում Մարիուպոլում: Խնդրում եմ, եթե կարող ես, գնա գետափ (նկատի ունի Դանուբի ափին գտնվող հուշահամալիրը-Խմբ.): Եվ կտեսնես, թե ինչպես կարող են ջարդերը կրկնվել ժամանակակից աշխարհում», - ասել է Զելենսկին:
«Եվ սա այն է, ինչ անում է Ռուսաստանն այսօր... Մարիուպոլում նույն մարդիկ են: Մեծահասակներ և երեխաներ, տատիկներ ու պապիկներ: Եվ նրանք հազարավոր են: Եվ այս հազարավորները չկան: Դու տատանվում ես պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Տատանվում ես՝ թույլ տա՞լ զենքի տեղափոխում, թե՞ ոչ: Տատանվում ես՝ առևտուր անե՛լ Ռուսաստանի հետ, թե՞ ոչ: Տտանվելու ժամանակ չկա, որոշելու ժամանակն է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան աջակցության կարիք ունի։
«Մենք հավատում ենք ձեզ: Մենք ձեր աջակցության կարիքն ունենք: Մենք հավատում ենք ձեր ժողովրդին: Մենք հավատում ենք Եվրամիությանը: Եվ մենք հավատում ենք, որ Գերմանիան նույնպես մեզ հետ կլինի վճռական պահին», - ընդգծել է Զելենսկին: