Մարիուպոլից դուրս եկած հարյուրավոր փախստականներ այժմ գտնվում են վրանային ճամբարում, որը տեղակայել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը Բեզիմեննոե գյուղում։ Այստեղ փախստականները սպասում են գրանցման և ժամանակավոր տեղակայման կենտրոններ մեկնելու իրենց հերթին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, մարտի 22-ի առավոտվա դրությամբ՝ մեկ օրում Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 600 մարդ, այդ թվում՝ 134 երեխա։
ԴԺՀ ԱԻՆ-ի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության պետ Ալեքսանդր Խոջագելդիևի խոսքով՝ ճամբարը շուկայի տարածքում է, յուրաքանչյուր վրանում կարող է տեղակայվել 10 մարդ։ Ընդհանուր առմամբ, այն նախատեսված է 450 փախստականի համար և այս պահին արդեն լիքն է։ Բոլոր վրաններում կան վառարան ու մահճակալներ, տրամադրվում են անկողնային պարագաներ և երեքանգամյա սնունդ։ Բացի այդ, ճամբարում կա բջջայինները վերալիցքավորելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս փախստականներին կապ պահպանել հարազատների հետ, իսկ բուժաշխատողներն ու հոգեբանները հասանելի են շուրջօրյա։
Փախստականների խոսքով՝ ճամբարում շատ ավելի ապահով է, քան իրենց քաղաքում։
«Ուկրաինայի կողմ մենք չկարողացանք գնալ, քանի որ ամեն ինչ արգելափակված էր, անդադար հրետակոծություններ էին և կարող էինք արկի հարվածի տակ հայտնվել», - պատմել է փախստականներից մեկը՝ շեշտելով, որ վտանգավոր էր ինչպես փողոցում, այնպես էլ տանը։
Նրա խոսքով՝ այստեղ իրենց լավ են ընդունել, ապահովել են սնունդով ու տաք ջրով, մինչդեռ Մարիուպոլում վերջին օրերին արդեն ոչինչ չկար։ Այժմ իրենք սպասում են գրանցման իրենց հերթին ՌԴ-ում գտնվող հարազատների մոտ մեկնելու համար, քանի որ Մարիուպոլ վերադառնալ այլև չեն կարող․ իրենց տներն այլև չկան։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: