Բելգիայում ավտոմեքենան մխրճվել է Վալոնիայում կառնավալին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ։ Միջադեպի հետեւանքով Սթրեպի Բրակենյի փոքրիկ քաղաքում մարտի 20-ին՝ կիրակի առավոտյան, զոհվել է 4 մարդ, 12 մարդ ծանր եւ 20-ը թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել, տեղեկացրել է «Немецкая волна»-ն՝ հղում կատարելով բելգիական լրատվամիջոցներին։
Առայժմ պարզ չէ, թեա րդյոք վրաերթը միտումնավոր է եղել։ Տեղեկությունների համաձայն՝ վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից, բայց կալանավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելից մոտ 50 կիլոմետր հարավ գտնվող քաղաքում։
Բելգիական RTL հեռուստաալիքի մոդերատորը միջադեպի վայրից պատմել է ողբերգական տեսարանների մասին։ Նրա խոսքով՝ մեքենան մխրճվել է ամբոխի ամենախիտ հատվածի մեջ։ «Հնչում էին երաժշտություն ու ծիծաղ, եւ արդեն երեք վայրկյան անց ճիչեր լսվեցին։ Սարսափելի էր»,- ասել է նա։ Կառնավալին մասնակցում էր մոտ 150 մարդ։
Բելգիայի ներքին գործերի նախարար Անելիս Վեռլինդենը խորին ցավակցություններ է հայտնել զոհերի եւ տուժածների ազգականներին ու մտերիմներին։ «Այն, ինչ նախատեսված էր՝ հիանալի զվարճություն, վերածվեց դրամայի»,- գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում։