Ռուսաստանի Բանկը նոր սահմանափակումներ է մտցրել արժույթի կանխիկացման համար՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Ռեզիդենտները, այսինքն՝ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, կարող են կանխիկ դոլար, եվրո, ֆունտ և ճապոնական իեն ստանալ 5 հազար դոլարից ոչ ավելի, հայտնում է BBC-ն։
Այդ գումարը նրանց կարող է հատկացվել միայն արտասահմանյան գործուղումների ծախսերը հոգալու համար, այն էլ՝ միայն «հատուկ դեպքերում՝ բանկի կողմից կարգավորող մարմնի պահանջով»։
Ոչ ռեզիդենտները, այսինքն՝ օտարերկրյա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ընդհանրապես չեն կարողանա կանխիկացնել փոխանցված արժույթը։
Սահմանափակումները կգործեն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը։
Ավելի վաղ Ռուսաստանի Կենտրոնական բանկը փաստացի արգելել էր փոխանակման կետերում կանխիկ արժույթի գնումը։ Ֆիզիկական անձինք, այսինքն հասարակ ռուսաստանցիները, կարող են իրենց քարտերից հանել ընդամենը 10 հազար դոլար: Եթե ցանկանում են հանել ավելի մեծ գումար, ապա պետք է դրանք փոխանակեն ռուբլով:
Մինչև սեպտեմբերի 9-ը անհնար կլինի եվրո հանել ռուսական բանկերի հաշիվներից: Այսպիսով, Ռուսաստանի Կենտրոնական բանկը փորձում է արժույթը պահել երկրի բանկային հատվածում։