Ֆիլիպինների նախագահը պատրաստ է բացել երկրի «օբյեկտները» ամերիկյան զորքերի համար՝ 1951թ․ փոխադարձ պաշտպանության պայմանագրի համաձայն, եթե ԱՄՆ-ը ներքաշվի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ֆիլիպինների դեսպան Խոսե Մանուել Ռոմուալդեսը, հայտնում է AP-ն։
Նրա խոսքով՝ նախագահ Ռոդրիգո Դուտերտեն այս մասին վերջերս հայտարարել է Մանիլայում կայացած հանդիպմանը, որտեղ նախագահը նաեւ մտահոգություն է հայտնել ծավալվող ճգնաժամի համաշխարհային տնտեսական հետեւանքների վերաբերյալ։ Ֆիլիպինները դատապարտել է ճգնաժամը եւ կողմ քվեարկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձեւին, որը պահանջում է անհապաղ դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայից:
«Նա ասել է, որ եթե (ԱՄՆ-ը) աջակցություն խնդրի, Ֆիլիպինները պատրաստ կլինի մասնակցել այդ ջանքերին, հատկապես, եթե այս ուկրաինական ճգնաժամը տարածվի մյուս կողմի վրա՝ ասիական տարածաշրջանում»,- լրագրողներին առցանց ճեպազրույցում ասել է Ռոմուալդեսը։ «Ֆիլիպինները պատրաստ է առաջարկել այն ամենն, ինչ անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին՝ որպես իր թիվ մեկ գլխավոր դաշնակցի»:
Դուտերտեն իր ելույթում չի հստակեցրել, թե ֆիլիպինյան որ օբյեկտներին հասանելիություն կունենան ամերիկյան զորքերը, սակայն Ռոմուալդեսն ասել է, որ դրանք կարող են լինել Մանիլայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Քլարկ եւ Սուբիկ-Բեյ հսկայական ազատ նավահանգիստները, որոնք նախկինում ԱՄՆ ամենամեծ օդային եւ ռազմական բազաներից են եղել ԱՄՆ-ի մայրցամաքի սահմաններից դուրս, մինչեւ ամերիկյան զորքերը լքել են դրանք 1990-ականների սկզբին: