00:00:00

Նուլանդ. Այս պատերազմը սկսել է մեկ մարդ՝ իր այլասերված հաշվարկների հիման վրա

05:27, 09 մարտ 2022 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարի արտաքին հարաբերությունների գծով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումներում ելույթ ունենալով, պատերազմի եւ Ուկրաինայում մարդկանց զոհվելու ամբողջ պատասխանատվությունը դրել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ նախկին խորհրդային հանրապետությունում մարտական գործողություններն անվանելով «նրա չարամիտ ընտրության» հետեւանք, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Սա պատերազմ է, որն սկսել է մեկ մարդ՝ իր այլասերված հաշվարկների հիման վրա»,- ասել է Նուլանդը սենատորներին։

«Սա պատերազմ է, որը հիմնված է ստի վրա, որը նա մատուցել է իր ժողովրդին եւ ամբողջ աշխարհին, իր զինված ուժերին,- շարունակել է պետքարտուղարի տեղակալը։- Իսկ հիմա այն հիմնվում է ինչպես բազմաթիվ ուկրաինացիների, այնպես էլ ռուսաստանցիների դառնության ու տառապանքի վրա՝ ծնողների, ամուսինների, գործընկերների, երեխաների, որոնք այլեւս երբեք չեն տեսնի իրենց սիրելիներին։ Եվ այս ամենը՝ մեկ մարդու չարամիտ ընտրության հետեւանքով»։

Նուլանդը դատապարտել է Ռուսաստանում սկսված բռնաճնշումները հակապատերազմական շարժման դեմ, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները։

«Ռուսաստանում երեսուն տարիների առաջընթացն ավարտվեց 10 օրում»,- ասել է նա։

Պետքարտուղարի տեղակալը միջազգային հանրությանը կոչ է արել համախմբվել Ուկրաինայի շուրջ՝ նրա համար ծանր ժամանակներում։

«Մենք համատեղ պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի Ուկրաինան ոչ միայն գոյատեւի, այլեւ բարգավաճի»,- ասել է Նուլանդը։

ԱՄՆ հետախուզական հանրույթի ղեկավարները երեքշաբթի հայտարարել էին, որ Վլադիմիր Պուտինը կարող է թեժացնել հարձակումներն Ուկրաինայում՝ չնայած ռազմական անհաջողություններին եւ տնտեսական դժվարություններին՝ պայմանավորված միջազգային պատժամիջոցներով։

«Մեր վերլուծաբանները կարծում են, որ այդ անհաջողությունները հազիվ թե կանգնեցնեն Պուտինին, եւ որ նա... կարող է թեժացման գնալ»,- ասել է ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով կոմիտեի ամենամյա լսումներում՝ խոսելով միջազգային սպառնալիքների վերաբերյալ։

Հեյնսի խոսքով՝ նման բարձր լարվածության պայմաններում միշտ առկա է «ոչ միտումնավոր թեժացման» հավանականությունը։

«Ես կարծում եմ, որ Պուտինն այժմ չարացած է եւ վրդովված։ Նա, հավանաբար, կկրկնապատկի անելիքն ու կփորձի ճզմել ուկրաինական բանակը՝ ուշադրություն չդարձնելով զոհերին քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասել է ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բերնսը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը ակտիվորեն հետախուզական տվյալներ է փոխանակում Ուկրաինայի հետ։

Բերնսը նաեւ փաստել է, որ ինքը եւ ԿՀՎ-ի վերլուծաբանները չեն տեսնում այն, թե ինչպես կարող է Պուտինը հասնել իր նպատակին՝ զավթել Կիեւը եւ փոխել Վլադիմիր Զելենսկու կառավարությունը ռուսամետ խամաճիկային ղեկավարությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր