Բուլղարիան համաձայն է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը, սակայն հավանաբար կձգտի զերծ մնալ ռուսական բնական գազի եւ նավթի ներմուծման արգելքից, եթե նման առաջարկ ներկայացվի, ասել է վարչապետ Կիրիլ Պետկովը։
Բուլղարիան գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական «Գազպրոմ»-ի գազի մատակարարումներից, իսկ ռուսական «ԼՈՒԿՕՅԼ»-ին պատկանող նրա միակ նավթավերամշակման գործարանը ապահովում է երկրի վառելիքի սպառման ավելի քան 60%-ը:
ԱՄՆ-ը պատրաստ է արգելք սահմանել Միացյալ Նահանգներ ռուսական նավթի ներմուծման համար՝ առանց Եվրոպայում դաշնակիցների մասնակցության, հայտնում է Reuters-ը։
Գերմանիան, որը ռուսական հում նավթի ամենախոշոր գնորդն է, մերժել է էներգակիրների ներկրումն արգելելու ծրագրերը, եւ այդ դիրքորոշման հետ Պետկովը համամիտ է:
«Բուլղարիան կաջակցեր ցանկացած միջոցի, քանի որ մենք իսկապես դեմ ենք պատերազմին, բայց այս դեպքում (նավթի եւ գազի) մենք կխնդրեինք բացառություն անել... Մենք այժմ չունենք ընթացիկ այլընտրանքներ, մենք չափազանց կախված ենք»,- ասել է Պետկովը։
Կառավարությունը նաեւ 1,5 մլն տոննա ցորեն կսկսի գնել, որպեսզի մինչեւ հաջորդ տարվա բերքը ապահովի պարենի պաշարներն ու խուսափի վտանգներից, որոնք կարող են ծագել Ուկրաինայի ատոմակայաններում հնարավոր վթարների դեպքում։
Մերձսեւծովյան երկիրը, որն անցյալ տարի ավելի քան 7 մլն տոննա ցորեն է արտադրել, չի պատրաստվում արգելել ցորենի արտահանումը, ասել է Պետկովը՝ հավելելով, որ պետությունը կավելացնի նաեւ եգիպտացորենի եւ արեւածաղկի սերմերի պաշարները։