00:00:00

Զենքի նմանվող առարկայով ու դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ում. թալանել են հայտնի «Զառա» խանութը, տանելով խոշոր չափի գումար

14:02, 06 մարտ 2022 Պատահարներ

Այսօր՝ մարտի  6-ին, դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով  և զենքի նմանվող առակահով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված  2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի  կենտրոնում գործող  հայտնի «Զառա»  հագուստի սրահ:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ճիվաղները աշխատակցի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել ու դրա տակ հափշտակել  2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի:

  Դեպք վայր են ժամանել  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության  քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

 Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:

 Տեղում աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

 Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական  բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ:

 Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը:

 Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում  ավազակային հարձակում  կատարելու  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝  հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր