Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստակամություն է հայտնել օգնել Ուկրաինայի քաղաքներից բնակիչների անվտանգ դուրս գալու հարցում։ Շաբաթ օրը Ժնեւում տարածված հայտարարության մեջ նշվում է, որ կոմիտեն այս հարցի շուրջ երկխոսության մեջ է կողմերի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շարունակում ենք երկխոսությունը կողմերի հետ՝ հակամարտությունից տուժած տարբեր քաղաքներից խաղաղ բնակիչների անվտանգ դուրս գալու շուրջ»,- նշել է մարդասիրական կազմակերպությունը՝ ընդգծելով, որ «ողջունում է ավելի ապահով տարածքներ [քաղաքացիական անձանց] կամավոր դուրս գալու ցանկացած նախաձեռնություն»։ «Որպես չեզոք եւ անկողմնակալ կազմակերպություն՝ մենք պատրաստ ենք օգնել հեշտացնել խաղաղ բնակիչների անվտանգ ելքը, եթե կողմերը համաձայնության են եկել եւ եթե պայմանները զուտ մարդասիրական են, որպեսզի ԿԽՄԿ-ն մասնակցի»,- հայտարարել է Կարմիր խաչի ժնեւյան գլխավոր գրասենյակը։
ԿԽՄԿ-ն պարզաբանել է, որ «այսպես կոչված, մարդասիրական միջանցքները կամ այլ միջոցներ, որոնք ուղղված են հակամարտությունից տուժածներին հանգիստ տրամադրելուն, պետք է լավ ծրագրվեն եւ իրականացվեն հակամարտող կողմերի համաձայնությամբ»: Միաժամանակ, անկախ նրանից, թե կստեղծվեն արդյոք առաջիկա օրերին մարդասիրական միջանցքներ, կողմերը «պետք է, միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, շարունակեն պաշտպանել խաղաղ բնակիչներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքները»։ Ինչպես ընդգծել է Կարմիր խաչը, դա վերաբերում է ինչպես այն քաղաքացիական անձանց, ովքեր նախընտրում են հեռանալ, այնպես էլ նրանց, ովքեր մնում են: ԿԽՄԿ-ն նաեւ հիշեցրել է կողմերին, որ նրանք պարտավոր են «պաշտպանել եւ հարգել» իր «մարդասիրական գործողությունների տարածքը» եւ հեշտացնել մարդասիրական հասանելիությունը բնակչությանը։