Վերջին օրերին Ռուսաստանի դեմ արևմտյան լայնածավալ պատժամիջոցների լույսի ներքո առավել քան երբևէ իրական է դարձել «Ռուսաստանը SWIFT համակարգից անջատելու» հնարավորությունը։ Քանի որ նման բովանդակությամբ լուրերը մոտակա օրերին ավելի շատ են հայտնվելու լրահոսում, հակիրճ ու մատչելի ներկայացնում ենք, թե ինչ է SWIFT-ը և ինչ է լինում «SWIFT-ից անջատելու» դեպքում։
SWIFT-ը անգլերեն հապավում է, հայերեն՝ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն։ Այն բելգիական կազմակերպություն է, հիմնադրվել է 1973 թվականին։ Կազմակերպության անդամ են աշխարհի 200 երկրների ավելի քան 11000 ֆինանսական հաստատություններ։ Ռուսաստանն ԱՄՆ-ից հետո երկրորդն է SWIFT-ից օգտվող բանկերի թվով։ SWIFT-ի միջնորդությամբ բանկերը փոխանակվում են գործարքների մասին տեղեկատվությամբ։ Դրա շնորհիվ գործարքների իրականացման ժամկետները և ծախսերը զգալի նվազում են։ Պատկերավոր ասած՝ SWIFT-ը բանկերի հաղորդակցության՝ բոլորին հասկանալի լեզուն է։
Պատկերացրեք՝ Հայաստանից որևէ այլ երկիր գումար եք փոխանցում կամ ստանում։ Հայկական բանկը ձեր գործարքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցում է ձեր գործընկերոջ բանկին SWIFT-ի միջոցով և վերջինիս շնորհիվ (քանի որ բոլորը վստահում են նրան) գործարքը տեղի է ունենում ավելի արագ և ցածր միջնորդավճարով, քան եթե այդ կապն իրականացվեր այլ միջոցներով, օրինակ՝ ձեր բանկը գրագրություն բացեր ձեր գործընկերոջը սպասարկող բանկի հետ։
Ըստ ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ, ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի՝ այս պատժամիջոցի պատճառով, ռուսական տնտեսությունը կարող է 5%-ով կրճատվել։ Որոշ ժամանակ անհրաժեշտ կլինի արտասահմանյան գործընկեր բանկերի հետ կապի միջոցներ հաստատելու համար։ Այդ բանկերը կամ պետք է ուղիղ պայմանավորվեն գործընկեր բանկերի հետ գործարքների մասին կամ էլ գործարքներն իրականացնեն այլ երկրների բանկերի միջոցով, որոնք SWIFT անդամ են։
2014 թվականից Ռուսաստանն սկսել է զարգացնել բանկային տեղեկությունների փոխանակման իր համակարգը, որը կոչվում է Ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման համակարգ։ Դրա անդամ են ինչպես ռուսական, այնպես էլ ԱՊՀ երկրների մի շարք բանկեր։ Հայկական բանկերից այդ համակարգի մեջ են Յունիբանկը և Արդշինբանկը (տե՛ս ցանկը)։
Lragir.am