Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնեց, որ առնվազն 100 հազար ուկրաինացիներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Ավելի վաղ նա կոչ էր արել կազմակերպության հատուկ հիմնադրամից 20 մլն եվրո հատկացնել մարդկանց շտապ օգնություն ցուցաբերելու համար։ Գլխավոր քարտուղարը նաեւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցերով հատուկ ճգնաժամային համակարգող է նշանակել․ այդ պաշտոնը զբաղեցրել է Ամին Ավադը, գրում է RBC-ն:
Փախստականների հոսքին Ուկրաինայի հարեւան երկրները սկսել են պատրաստվել նախապես։ Շաբաթվա սկզբին Լեհաստանի իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են ընդունել փախստականների եւ համապատասխան ենթակառուցվածք են պատրաստում։ Ուկրաինայից փախստականների թիվը զգալի ավելացել է ուրբաթ օրը, հաղորդել Է The New York Times-ի թղթակիցը ուկրաինա-լեհական սահմանից։ Պարբերականը նշել է, որ լեհ սահմանապահների պահվածքն արմատապես տարբերվում է այն բանից, թե ինչպես են նրանք արձագանքել անցյալ տարվա ամռանը եւ աշնանը Իրաքից եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներից Բելառուսի տարածքից ապօրինի փախստականների՝ սահմանը ճեղքելու փորձերին։
Այդ ժամանակ լեհական ստորաբաժանումները ներգաղթյալներին հետ էին մղում Բելառուս։ Ընդհանուր առմամբ՝ այդ ժամանակ ձեռնարկվել է սահմանն անցնելու շուրջ 30 հազար փորձ, Լեհաստանում հայտնվել է 1500 մարդ, հաղորդել Է Euobserver-ը։