00:00:00

Ադրբեջանը խախտում է իր կողմից ստորագրված փաստաթղթերը, իսկ ՀՀ իշխանությունները հանցավոր անտարբերություն են ցուցաբերում. Մետաքս Հակոբյան

14:14, 26 փետրվար 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում ադրբեջանցիները խուճապ են առաջացնում բնակիչների շրջանում, մարդիկ արդեն հնարավորություն չունեն աշխատելու իրենց օրվա հացը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանցիները երկու օր շարունակ սպառնում են Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներին՝ բարձրախոսով պահանջելով լքել գյուղը։ Ընդ որում՝ պահանջը ներկայացվում է հայերենով։ Նրանք հոխորտում են, թե Խրամորթն Ադրբեջան է և, ընդհանրապես, Ղարաբաղն Ադրբեջան է։ Նշենք, որ Խրամորթը շրջկենտրոն Ասկերանից 6 կմ հեռավորության վրա է, Ստեփանակերտից՝ 21կմ։

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ շուրջ մեկ ամիս առաջ արդեն ահազանգեր էր ստացել։ Բանն այն է, որ այդտեղ խաղողի այգիներ կան, որը շատ մոտ է հենց շփման գծին՝ ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածքում գտնվող դիրքերից ընդամենը մի քանի մետրի վրա է գտնվում և դեռևս այդ ժամանակ գյուղի բնակիչները պարբերաբար ասում էին, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս իրենց աշխատել, ամեն անգամ զենքերով, գոռում-գոչյուններով, վայրենի շարժումներով հարձակվում են։

«Թեև ռուս խաղաղապահները միշտ իրենց հետ կանգնած են եղել և հսկել են անվտանգ աշխատանքը, իրենք միևնույն է, այն աստիճանի են հասցրել, որ ռուս խաղաղապահները խնդրել են մեր բնակիչներին այդ օրն ուղղակի չաշխատել»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորն արձանագրեց, որ սա նոր բան չէ, արդեն երկար ժամանակ է, որ տեղի է ունենում, սակայն ընդգծեց, որ առավել մտահոգիչ է մեր իշխանությունների անտարբերությունը, քանի որ ամեն անգամ հենց արձանագրում են փաստը, անմիջապես դիմում են ռուս խաղաղապահներին, այսինքն՝ իշխանություններն իրենք որևէ քայլ չեն կատարում, որ մարդիկ իրենց պաշտպանված զգան։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ապա Հակոբյանը նկատեց՝ իրենց գործառույթներն այնպիսին են, որ իրենք չեն կարող որևէ պատժիչ կամ այնպիսի գործողություններ կատարել, որը կարող է հանգեցնել մարդկային կորուստների, ։ Այսինքն՝ իրենք հնարավորինս փորձում են խաղաղ, բանակցություններով հասնեն նրան, որ ադրբեջանցիները դադարեցնեն իրենց տեռորիստական գործողությունները, բայց դե երևի ռուսական կողմը լավ չի պատկերացնում, թե ով է կանգնած իրենց դիմաց՝ ի տարբերություն մեզ, մենք շատ լավ գիտենք իրենց որևէ կանոնի, կարգի, պայմանավորվածության չենթարկվելը։ Ըստ պատգամավորի՝ պետք է այնպիսի աղմուկ բարձրացվի, որ աշխարհն էլ տեսնի, որ այս մարդիկ իրենց իսկ ստորագրած պայմանավորվածությունները չեն պահում և չեն հարգում։

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից բնակիչների ահաբեկումներին, վախեցնելուն՝ Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ նրանք չեն կարող ուղղակի մտնել ու բնակիչներին հանել և անընդհատ նման գործողություններով խաթարում են բնականոն կյանքը, մարդկանց մոտ խուճապ առաջացնում։ Ըստ նրա՝ այս դեպքում հաջողվել է, որովհետև Կարմիր Շուկայի, Թաղավարդի ուղղությամբ որքան էլ նման գործողություններ կատարում են, իրենց չի հաջողվում այդ խուճապն առաջացնել, բայց այստեղ առաջացնում է, որովհետև մարդիկ ուղղակի իրենց օրվա հացն աշխատելու հնարավորություն արդեն չունեն։

«Արցախի ԱԳՆ-ն պարբերաբար փաստում է նման հանգամանքները, կոչեր անում, բայց ցավոք Արցախի ԱԳՆ-ին լսող չկա։ Կարծում եմ՝ պետք է լուրջ այս հարցով զբաղվեն ՀՀ իշխանությունները, իսկ իրենց օրակարգում կածես թե նման հարց ընդհանրապես դրված չէ։ Այս մարդիկ մնացել են մեն-մենակ թշնամիների հետ և միակ հույսը և պաշտպանը ռուս խաղաղապահներն են»,- ընդգծեց Հակոբյանը։

Դիտարկմանը, որ, փաստորեն, իշխանությունների հանցավոր անգործության հետևանքով՝ նման ագրեսիաները նոր թափ են ստանում օր օրի՝ Հակոբյանն արձագանքեց. «Իհարկե, որովհետև, եթե պաշտոնական որևէ միջամտություն չկա մեր կողմից, իրենք իրենց ավելի անբռնազբոս են պահում»։

Հակոբյանի դիտարկմամբ՝ որևէ կերպ պետք չէ մոռանալ, որ եռակողմ հայտարարության տակ ստորագրել ՌԴ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը։ Ռուսական կողմն իր պայմանավորվածությունները կատարում է, Հայաստանը՝ կատարում է, ինչը չի կատարում Ադրբեջանը, հետևաբար՝ այստեղ արդեն իշխանավորների գործն է, ուղղակի՝ ԱԳՆ միջոցով, ՀՀ կառավարության ղեկավարի միջոցով պետք է փորձել այս հարցին լուծում տալ, որովհետև կեցության խնդիրն է, մարդու գոյության՝ լինել-չլինելու։

«Ստացվում է այդ հատվածում, ընդհանրապես՝ ամբողջ Արցախում, որը մեր վերահսկողության տակ է, մարդիկ ուղղակի ապրում են՝ առանց ապրելու իրավունքի։ Այդ իրավունքից ուղիղ զրկել են և այդ մասին չխոսելը, չհասցնելը ,քաղաքակիրթ, աշխարհին՝ հանցավոր անտարբերություն է հենց իշխանությունների կողմից»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ մենք որքան էլ ժողովրդի հետ լինենք, սատարենք, գնանք իրենց կողքը կանգնենք, դրանից ոչինչ չի փոխվում, դրանից երաշխիք չկա։ Դա պետք է արվի պետական մակարդակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր