Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այցը կտևի մինչ փետրվարի 19-ը, որի ընթացքում գլխավոր հանձնակատարը տասնյակ հանդիպումներ կունենա Փարիզում, Լիոնում, Մարսելում և Նիցցայում:
Փարիզյան օրակարգը մեկնարկել է Հայաստանի էսպլանադ այցելությամբ, որտեղ գլխավոր հանձնակատարը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ծաղիկներ են խոնարհել Կոմիտաս վարդապետի արձանին։ Հայաստանի էսպլանադը գտնվում է Փարիզի սրտում՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքում։ Այն իր ընդարձակ տարածքի մեջ է ներառում նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտաս վարդապետի արձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։
Ըստ աղբյուրի՝ այնուհետև գլխավոր հանձնակատարն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդարան, շրջայց կատարել եկեղեցու տարածքում, հանդիպել թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Ֆրանսիայի Հայոց թեմական պատգամավորական ժողովի ներկայացուցիչների հետ։ Թեմական առաջնորդը նշել է, որ այժմ թեմն ունի 27 եկեղեցի։ «Եկեղեցին առաքելություն է, ոչ թե շենք»,-ընդգծեց հոգևոր առաջնորդը՝ գլխավոր հանձնակատարին ներկայացնելով թեմի գործունեությունը, երիտասարդների հետ ակտիվ աշխատանքը, հայկական ամենամյա փառատոնի անցկացումը ։
«Ֆրանսիայում հայկական դպրոցները պահանջված են, սակայն ունեն նաև տարաբնույթ խնդիրներ։ Առնուվիլի «Հրանտ Դինք» վարժարան այցելության ընթացքում Գլխավոր հանձնակատարին ներկայացվեցին արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման, ինչպես նաև ուսուցիչների սակավության խնդիրները։ Դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը հանդիպեց դպրոցի ուսուցչական անձակազմին, շրջայց կատարեց և փոքրիկ զրույց ունեցավ աշակերտների հետ։ Այժմ դպրոցն ունի շուրջ 85 աշակերտ։ Զարեհ Սինանյանը հեռավար զրույց ունեցավ նաև դպրոցի ուսմասվար Կարապետ Դաքեսյանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների հետ։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տեղեկացմամբ՝ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դևինասի և խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, Ֆրանսիայի տարբեր բնագավառներում հայերի ակտիվ ներգրավվածությանը և բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների շարունակական խորացմանն առնչվող հարցեր։
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Սենատի անդամներին հայանպաստ գործունեության համար՝ կարևորելով Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը։
«Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպում ունեցավ Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի հետ։ Բարձր գնահատելով քաղաքապետի հոգածությունը տեղի հայերի և սերը Հայաստանի ու Արցախի հանդեպ՝ Գլխավոր հանձնակատարը Պասկալ Դոլին սիրով հրավիրեց Հայաստան։ Առնուվիլը համագործակցության հուշագիր է կնքել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հետ․ այսպիսի հուշագիր է առկա նաև Արցախի Շեխեր համայնքի հետ, որն այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո»,- հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքի հետ կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Հատկապես կարևորվել է «Դպրոցասեր» կրթական հաստատության գործունեությունը։ «Քաղաքն ամեն ինչ անում է «Դպրոցասեր»-ը ապրեցնելու համար, և որպեսզի դպրոցի սաները կարողանան քաղաքային ենթակառուցվածքներից ամբողջովին օգտվել»,-նշել է քաղաքապետը։