Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում արձագանքեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը հայտարարել էր, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը»:
Նա նշեց, թե բոլորը վրդովված են Լուկաշենկոյի խոսքերից, մինչդեռ, պետք է հասկանալ դրա պատճառները, իսկ պատճառները հասկանալու համար պետք է լսել Սերժ Սարգսյանի ու Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունն ու տարբերել, թե ինչպես էին մինչև 2018 թվականը խոսում Հայաստանի ղեկավարի հետ առանց տեսախցիկների ու ինչպես են խոսում Նիկոլ Փաշինյանի հետ հիմա տեսախցիկների առաջ:
«Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են ասում, երբ տեսախցիկներ չկան: Բելառուսի նախագահը իր հարցազրույցում թույլ է տվել արտահայտություններ, որոնք անընդունելի եմ համարում: Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին, Հայաստանը հստակ նպատակներ ունի, Հայաստանը շարունակելու է մնալ Եվրոպան ու Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց, Հայաստանն ու Արցախը եղել են ու շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը: Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման երաշխավորն ու աջակիցը, մեր երկիրը ոտքի է կանգնելու ու մաքրվելու է կապիտուլյացիայի ու դրա պատճառը հանդիսացող խմբակին վերընտրելու խայտառակ խարանից:
Մեր երկիրը հմուտ դիվանագիտության միջոցով ու դրան ուժ տվող արհեստավարժ զինված ուժերի գոյությամբ վերականգնելու է արդարությունը տարածաշրջանում, բայց այս ամենը տեղի է ունենալու միայն այն ժամանակ, երբ մեր երկրի կառավարչի միջազգային հարաբերությունների զինանոցը չսահմանափակվի, իբր, պարզաբանում պահանջող, իսկ, իրականում, «լայքեր» մուրացող հայացքով»,-հայտարարեց Հայկ Մամիջանյանը:
Նա կոչով դիմեց Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նշելով. «Ալեքսանդր Գրիգորիի, մի նույնականացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին ու երբեք չկարծեք, որ Հայաստանի հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»: