00:00:00

Այս իշխանությունը երկիրը գլորում է անկանխատեսելի գործընթացների դաշտ. Տիգրան Աբրահամյան

17:35, 08 փետրվար 2022

Եվրասիական տարածությունում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը հուշում է, որ առաջիկա տարիներին տեղափոխվելու ենք  տարածաշրջանում և առհասարակ աշխարհում նոր վերախմբավորումների, արտաքին  քաղաքական խմբագրումների, դաշինքների իմաստավորման, ինտեգրացիոն նոր նախագծերի ու բաժարար գծերի  խորացման նոր ժամանակահատված: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա, սա նշանակում է, որ Հայաստանը  ստեղծված  իրադրությունը և առաջիկա գործընթացները  խորն ուսումնասիրելու, իրադարությունը ճշգրիտ  գնահատելու, ախտորոշելու կարևոր խնդիր ունի։ «Սա  ենթադրում է  ձևավորվող նոր  ռազմաքաղաքական միջավայրում Հայաստանի տեղի ու դերի  ամրագրման, բարենպաստ միջավայրի  ապահովման, միջազգային խաղացողների համար  որպես ընկալելի գործընկերոջ դիրքավորմանը  և պետական կառավարման համակարգերը տարբեր սցենարային զարգացումների  նախապատրաստման անհրաժեշտություն»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ Տ.Աբրահամյանի խոսքով, դիվանագիտական  հսկայական ջանքեր գործադրելուց զատ  անվտանգային համակարգը պետք է նախապատրաստել երկարատև  դիմակայությունների շրջափուլի, իսկ դա ենթադրում է  համակարգի վերականգնում, արդիականացում,  կանխատեսելի նոր սպառնալիքներին  դիմակայության, իմունիտետի և կենսունակության ապահովում։ «Հայաստանի իշխանությունների ներկայիս կեցվածքը, անտարբերությունը, տեղ-տեղ գործելու և բացառապես  իշխանության պահպանության դիրքերից հանդես գալու  քաղաքականությունը ոչ միայն խորացնում է  Ադրբեջանից և Թուրքիայից եկող սպառնալիքները, այլ վստահաբար բերելու է նոր ռիսկերի, որոնք կառավարելուն և չեզոքացնելուն ուղղված  որևէ գործնական քայլ այս իշխանությունը չի գործադրում»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։ Տ. Աբրահամյանը նշեց, որ իշխանությունն իր տիրապետած ռեսուրսները վատնում է  ներքաղաքական գործընթացներում, ընդդիմադիր  գործիչների,  տարբեր հասարակական դեմքերի, իր նկատմամբ նույնիսկ չեզոք  դիրքորոշում ունեցող անձանց խմբերին լռեցնելու, ճնշելու և որպես  վերջնարդյունք այլակարծությունը սպանելու, հասարակական համերաշխությունը  խաթարելու, երկրում խորը պառակտումներ մտցնելու և  ներքին  անկայունություն հրահրելու համար։ Նրա խոսքով, եթե  իշխանությունում կարծում են, թե Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցությունների պատրաստակամությունը, ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից հետ կանգնելը, միակողմանի զիջումների գնալը բավարարելու է  դրանց քաղաքական ախորժակը,  ապա միանշանակորեն սխալվում է։ «Այս իշխանությունը երկիրը գլորում է  իներցիայի, անորոշությունների, անկանխատեսելի գործընթացների դաշտ, որի պայմաններում հայկական շահի ապահովումն ու առհասարակ  հայի ֆիզիկական գոյությունը լուրջ սպառնալիքների տակ է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր