00:00:00

Իշխանությունների հետ որևէ ուղղակի կամ քողարկված կապ չեմ ունեցել, կալանքը չի փոխել իմ մոտեցումները․ Արմեն Չարչյան

17:19, 08 փետրվար 2022 Քաղաքականություն

Իշխանությունների հետ ո՛չ ուղղակի, ո՛չ էլ քողարկված կապ չեմ ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե իշխանություններն իրեն հորդորել են մանդատը վայր դնել, դուրս գալ քաղաքականությունից, փոխարենը քրեական գործի հետ կապված հանգիստ կթողնեն։
«Իշխանությունները չեն փորձել որևէ կերպ կապի դուրս գալ, էդ ամենը մտացածին հերյուրանքներ են։ Այդ հարցին պատասխանել եմ Մարկ Տվենի խոսքերով․ «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»»,-ասաց նա։ Արմեն Չարչյանն ասաց, որ կալանքը չի փոխել իր մոտեցումները, աշխարհայացքը։ Ինչ վերաբերում է առողջական վիճակին, ապա որոշակիորեն բարելավվել է, անցել է խորհրդարանում իր աշխատանքին և զբաղվելու է նաև գիտական աշխատանքով։
Ինչ վերաբերում է իրեն կալանավորելուն, ապա Չարչյանն ասաց․ «Բացարձակ ապօրինություն էր, որի մասին վկայում է ՍԴ որոշումը, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովի որոշումը ՝ առողջական վիճակից ելնելով»,-նկատեց նա։ Հիշեցնենք, որ պատգմավոր Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու մեջ, նա իրեն մեղավոր չի համարում։ Արմեն Չարչյանը կալանավորվել էր առանց պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու և ազատ էր արձակվել ՍԴ որոշումից հետո, ըստ որի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր