Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2101 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի և ավագ հետաքննիչ Հայկ Ապրիկյանի գլխավորությամբ:
Բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը, ինչից հետո ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխացել է Հայաստսնի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանն ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford Transit-ը վրացական համարանիշներով է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: