Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի թիվ 95/11 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 39-ամյա Սուրեն Չիլինգարյանի վարած Mercedes մակնիշի և 23-ամյա Արսեն Գալստյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 24-ամյա Ակսել Ավետիսյանը, 24-ամյա Նարեկ Ավագյանը և 27-ամյա Ջիվան Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ժամեր անց էրէբունու հիվանդանոց բուժօգնություն ստանալու նպատակաով դիմել նաև Mercedes-ի վարորդը: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները, այնուհետև հրշեջ-փրկարարները: Օպերատիվ են գործել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Դանիել Գրիգորյանն ու Հայկ Սիրեկանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաներ չկայանեն նշված վայրում: Վթարի մասին պարեկային ծառայության Երևան գնդից տեղեկությունը փոխանցվել է պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում և նա եղել է ոչ սթափ (խմած): Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: