00:00:00

Զինվորի սպանության գործով տուժող կողմն ԱԱԾ-ից պահանջում է հարցաքննել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որի պաշտոնավարման օրոք կասեցվել էր սպանության գործի քննությունը

03:49, 04 փետրվար 2022 Հասարակություն

Շուրջ 22 տարի առաջ սպանված զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջում է ԱԱԾ-ից՝ հարցաքննել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, ում պահանջով զինվորական դատախազություն է ուղարկվել սպանված զինծառայողի վերաբերյալ քրեական գործը, այնուհետև ապօրինաբար կասեցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Հայարփի Սարգսյանից։ Զինծառայող Արման Հակոբյանի սպանությունը տեղի է ունեցել 2000թ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 03.45-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի 5-րդ գումարտակի հսկիչ-անցագրային կետում ժամապահ Արման Վարդանի Հակոբյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկինում գործող քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով՝ սպանության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում հանցանք կատարած անձանց չհայտնաբերելու պատճառաբանությամբ 2001թ քննիչի կողմից որոշում է կայացվել՝ գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ 2008թ նոյեմբերի 11-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է և արդեն այդ վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հակոբյանի համածառայակցին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։ Տուժողի իրավահաջորդը դեռևս տարիներ առաջ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանին հասցեագրված դիմումով բարձրաձայնել է իր վարկածը, համաձայն որի՝ որդու սպանությունը կատարվել է զորամասում կորած զենքի վերաբերյալ Ա. Հակոբյանի կողմից սպաներին տեղյակ պահելու պատճառով։ Մասնավորապես, ըստ զինվորի հոր, զորամասի մի շարք զինծառայողներ, մասնավորապես, սպա Սամվել Սարիբեկյանը գիտությամբ, համածառայակիցներ Գարիկ Հովհաննիսյանը, Արշակ Շահբազյանը, Սիմոն Մուրադյանը Ա. Հակոբյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, նրան ստորացնելու նպատակով տարել են զորամասում հեղինակություն վայելող այլ զինծառայողների մոտ, որտեղ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ մի քանի ժամ անց սպանել նրան։ Ավելին՝ զինծառայողի հայրը գտնում էր, որ դեպքի մանրամասներն ու դրանք կատարողները հայտնի են, սակայն նախաքննական մարմինը կոծկում է։ Գործի վարույթը հետագայում կրկին կասեցվել է, իսկ տարիներ անց՝ 2021թ մայիսին սպանված զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 2000 թվականին սպանված զինծառայող Արման Հակոբյանի գործով քննություն իրականացրած պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալ։ ՀՔԾ-ն ներկայացված հաղորդումը նախ ուղարկել էր ՔԿ ներքին անվտանգության վարչություն՝ քննարկման, մինչդեռ փաստաբանի գնահատմամբ՝ նշված կառույցն իրավասու չէ քննել հանցագործության մասին հաղորդումներ, իրականացնել քննչական գործողություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180֊181֊րդ հոդվածներով սահմանված կարգով։ Արդյունքում՝ փաստաբանը բողոք է ներկայացրել ՀՔԾ՝ անգործության դեմ, ինչը բավարարվել է և հաղորդումը քննության առարկա է դարձվել ՀՔԾ-ում։ Նախապատրաստված նյութերի հիման վրա 2021թ հունիսին ՀՔԾ-ում քրեական գործի հարուցումը մերժվել էր, ինչի դեմ փաստաբանը ևս բողոք է ներկայացրել։ ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել է փաստաբանի բողոքը՝ վերացնելով հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։ ՀՔԾ-ի լուծարումից հետո գործը քննվել է ԱԱԾ-ում։ Փաստաբան Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախօրեին վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին, կողմին տրամադրվել են գործի նյութերը՝ բաղկացած 3 հատորից։ Նախաքննության ընթացքում սպանության գործը քննած քննիչները հարցաքննվել են վկայի կարգավիճակով՝ կասկածանքի շուրջ, նրանց մեղադրանք չի առաջադրվել, իսկ հունվար ամսին առերեսում է տեղի ունեցել զինծառայողի հոր և գործը քննած քննիչներից մեկի միջև։ Նախաքննության ավարտ հայտարարելուց հետո փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով լրացուցիչ քննչական գործողություններ իրականացնել, այդ թվում՝ հարցաքննել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որը 2001թ ստուգել է գործի վարույթը կասեցնելու մասին որոշման օրինականությունը։ «Գործի վարույթը մի քանի անգամ կասեցվել է, բայց առաջին անգամ կասեցման մասին որոշման օրինականությունն իր կողմից է ստուգվել, կասեցվել էր մեղադրյալ ներգրավելու անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ, մինչդեռ 7 տարի անց մեկ ուրիշ դատախազի կողմից գործը վերսկսվել է և 2001թ. ձեռք բերված նյութերը բավարար են գնահատվել 3 անձ մեղադրյալ ներգրավելու համար։ Սակայն նրանցից մեկը մինչ օրս հետախուզման մեջ է, իսկ մյուս երկուսը չեն առարկել վաղեմության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելուն»,- նշեց փաստաբանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր