Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում Իրանի Ւսլամական Հանրապետության քաղաքացի, 40-ամյա Այդին Սաֆարալիզադեն իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մոտ 100 մետր երկաթե արգելապատնեշներին, տապալել դրանք և հայտնվել բնակչին պատկանող այգում, վնասելով մեծ թվով պտղատու ծառեր, այդ թվում՝ ընկուզենիներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով կցորդիչի վրա տեղադրված մի քանի տոննա կշռով հեղուկ գազով բարձված հսկայական ցիստեռնը ավտոմեքենայի վրայից պոկվել է:
Վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի պետ Հրազդան Կոստանյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: