00:00:00

«Գնացեք աթար վառեք». Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին

00:12, 02 փետրվար 2022 Հասարակություն

Մարդկանց կյանքը դժոխքի են վերածում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը։ Նկատենք, որ փետրվարի 1-ից բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը՝ 5.5 դրամով։ Սակագներն անփոփոխ կմնան միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար, որը կազմում է մեր բնակչության 11 տոկոսը։ Բացի այդ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է, թե ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Մնացած սպառողների սակագները, ինչպես նշեցինք, կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով։ Արմեն Պողոսյանի գնահատմամբ՝ սակագների նման բարձրացումն անհեթեթ, անտրամաբանական ու հակամարդկային է։ «Հերթական անգամ թանկացումը հարվածեց սպառողների գրպանին: Անարդարացի բաշխում է կատարվել»,- նշել է փորձագետն ու ավելացրել, որ դժոխքի են վերածել այն մարդկանց կյանքը, որոնք գտնվում են երկրորդ խմբի մեջ, որոնց համար համեմատաբար քիչ է բարձրացվել սակագինը։
«Այս մարդկանց կյանքը դժոխքի պիտի վերածվի, ամեն օր նայելու են հաշվիչին, որ հանկարծ չգերազանցեն այդ 200 կիլովատը։ Պատկերացնո՞ւմ եք, սա և՛ տրամաբանորեն է սխալ, և՛ անմարդկային մոտեցում է», - ասել է Պողոսյանը։ Ըստ նրա՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հնարավոր կլիներ մեղմել, եթե իրականացվեր էլեկտրաէներգիայի արտահանման ծրագիրը։ Սակայն կառավարությունը կառավարություն է բոլոր ժամանակներում եւ ցուցաբերված անգործության հետեւանքով չի ավարտվել դեպի Վրաստան ու Իրան հոսանքի մատակարարման գծի շինարարությունը, չի ավելացել արտահանումը, որի պարագայում այսքան մեծ չէր լինի ֆինանսական ճեղքվածքը։ «Ամեն անգամ, ամեն առիթով կառավարությունը և Էներգետիկայի նախարարությունը, փոփոխվող տարիներին, անընդհատ ասում են, որ շուտով կգործարկվի ու հիմա էլի նույնն են ասում: Շուտովը պատասխան չէ»,- նշել է փորձագետն ու նկատել, որ առ այսօր հրապարակված չեն տվյալներ, թե հոսանքի մատակարարման գծի շինարարությունն ընդհանրապես երբ պետք է սկսվի ու ավարտվի։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ 10 տարի առաջ է ասել՝ «գնացեք աթար վառեք»։ Նա կարծում է, որ աշխատատեղերի պակասը, արտագաղթի առկայությունը, աշխարհաքաղաքական այս ոչ ցանկալի վիճակը, պատերազմում կրած պարտությունը օբյեկտիվ գործոններ են, որպեսզի հնարավորինս փորձեին մեղմել, մարդկանց զերծ պահել նեղությունից։ «Բայց ինչ- որ սահման կա, որ այդ սահմանից ներքև հնարավոր չէ։ Ի՝մ կարծիքով հասել ենք այդ սահմանին, եթե ճիշտն եք ուզում իմանալ՝ դեռ անցնում ենք»,- ասել է տնտեսագետը։ Նրա դիտարկմամբ՝ Էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը բարդ ինժեներական համակարգեր են, որոնք մեծ ծախսատարության հետ են կապված.«Մենք բնականաբար պետք է վճարենք, պետք է վճարի սպառողը: ՀՀ-ն չի վճարել շուկայական բարձր գին տվյալ ռեսուրսի օգտագործման համար: Հիմա մենք գտնվում ենք այնպիսի հարաբերություններում՝ դա սոցիալական կլինի, քաղաքական, թե շուկայական, որ նման հարաբերությունների պայմաններում այդ թանկարժեք համակարգի պահպանման համար որոշակի թանկացում ակնհայտորեն պետք էր»: Իսկ այն հարցին, թե այս համատարած գործազրկության մեջ, երբ վճարունակը դառնում է անվճարունակ, և չի ներգրավվելու խոցելի խմբում՝ ինչպե՞ս է տարանջատվելու՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Այս նույն թեմայի շուրջ ես խոսել եմ մոտ 10 տարի առաջ: Հնարավոր չէ, մեր երկիրն իր ունեցած հնարավորություններով անվճար ձեզ էլեկտրաէներգիա բաշխի, քաղաքացինե´ր: Ես ոչ թե քաղաքացիների մասին չեմ մտածում, այլ ասացի՝ գնացեք աթար վառեք: Անվճար հատկացնելու համար պետք է ունենաս հնարավորություն՝ այն ձեռք բերելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր