00:00:00

«FlyOne Armenia»-ն պատրաստ է Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթին

18:32, 01 փետրվար 2022

«FlyOne Armenia» ավիաընկերությունը պատրաստ է Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթի իրականացմանը, որը կայանալու է փետրվարի 2-ին: Բոլոր նախապատրաստական աշխատանքներն արված են, հակահամաճարակային միջոցառումները հաշվի են առնված: Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերի նկատմամբ հետաքրքրություն կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ ներկայում չվերթի առնչությամբ առկա աշխուժության մակարադակը համապատասխանում է ընկերության նախնական կանխատեսումներին: «Մենք կարևորում ենք այս ուղղությամբ օդային հաղորդակցության վերականգնումը՝ փոխադարձության հիմքի վրա։ Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, այն շատ լավ հնարավորություն է պոլսահայ համայնքի և Մայր հայրենիքի միջև կապն ամրացնելու համար»,-ասաց Արամ Անանյանը: Ավիաընկերության ուշադրության կենտրոնում են հակահամաճարակային միջոցառումները։ Օդանավում դիմակ կրելը պարտադիր է լինելու։ Ինքնաթիռները հագեցած են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97 տոկոսը: Արամ Անանյանն ընդգծեց՝ ուղևորների առողջությունն ու անվտանգությունն իրենց համար առաջնահերթություն է։ Սկզբնական շրջանում նախատեսված է Երևան- Ստամբուլ- Երևան ուղղությամբ շաբաթական երկու չվերթ իրականացնել: Չվերթի համար նախատեսված օրերն են՝ երկուշաբթին և ուրբաթը: Առաջիկայում ավիաընկերությունը նախատեսում է Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով իրականացնել շաբաթական երեք թռիչք՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր