00:00:00

Հայաստանում, տարբեր գնահատականներով, ՏՏ ոլորտում մի քանի հազար թափուր աշխատատեղ կա. Սամվել Մարտիրոսյան

22:56, 31 հունվար 2022

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, ՏՏ մասնագետների պակաս, իսկապես առկա է. խնդիրը գլոբալ է, և այն աճում է շատ ավելի արագ, քան շուկայում նոր մասնագետներ  են հայտնվում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դոմանյանի հայտարարությանը, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պակաս կա։ «Հայաստանում ՏՏ մասնագետների պակասի հարցն առավել քան ծանր է, քանի որ մի կողմից կրթական համակարգն է շատ հետ մնում, մյուս կողմից՝ ոլորտի աճի տեմպերը բավականին արագ են։ Մեկ այլ խնդիր է մասնագետներ արտահոսքը։ Իհարկե, ներգաղթ ևս առկա է, սակայն այս գործընթացը բավականին բյուրոկրատացված է»,- ասաց մեր զրուցակիցը։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտում միլիոնավոր թափուր աշխատատեղեր կան, իսկ Հայաստանում, տարբեր գնահատականներով, խոսքը մի քանի հազար ազատ աշխատատեղի մասին է։ Ընդ որում, այդ թիվն անընդհատ աճում է։ Ըստ տեղեկատվության անվտանգության փորձագետի, ոլորտի մասնագետների հարցը լուծելու համար պետությունն անխուսափելիորեն պետք է համագործակցի մասնավոր հատվածի հետ, այլապես միայնակ անկարող կլինի լուծել այս խնդիրը։
«Եթե այս ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցություն չլինի, ԲՈՒՀ-երում մասնագետների պատրաստումը ձևական բնույթ է կրելու։ Ոլորտը շատ արագ է զարգանում»,- կրկին շեշտեց Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մինչև ԲՈՒՀ-երը հասցնում են մի քանի տարում մասնագետներ պատրաստել, ՏՏ ոլորտը ակնթարթային զարգացում է ապրում։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարը, խոսելով Հայաստանում ՏՏ մասնագետների պակասի մասին, այսօր հայտարարել էր, որ պետությունը ֆինանսավորում է հատկացրել համապատասխան ուղղություններով ուսանողների անվճար կրթության համար։ «Հատկապես կարևոր է որակյալ կրթությունը մաթեմատիկայի, բնական գիտությունների, ինժեներինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»,- հավելել էր Դումանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր