ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2013թ-ից Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում հիմնված և Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» կազմակերպության հաշվառմամբ քողարկված ֆինանսական բուրգի մասի՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Կանադայի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների հանցավոր համաձայնությամբ 2016 թ-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալելու մի շարք հանգամանքներ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն «VODA» անվան ներքո հանդես եկող հանցավոր խմբի բարձրագույն աստիճանակարգում գտնվող անդամների կազմակերպմամբ ծրագրվել և գործարկվել է բուրգի կազմում նոր անդամների և գույքային միջոցների ներգրավման՝ օրենքով արգելված և բարոյապես խեղաթյուրված համակարգ: Արդյունքում, «միջազգային հեղինակավոր ընկերության» կազմում բիզնես գործունեություն իրականացնելու հնարավորություն ընձեռնելու և այդպիսի գործունեությունից խոշոր շահույթ ստանալուն նախատրամադրելու նպատակով՝ փուլային դասընթացների պատրվակով հավաքագրել և ընդգրկել են բազմաթիվ քաղաքացիների՝ դրդելով վերջիններիս հաշվառվել «voda.net», «vodanet.io» ցանցային հարթակներում և կատարել 450 ԱՄՆ դոլարից մինչև 21.000 ԱՄՆ դոլար գումարի չափով հյուրանոցային փաթեթների թվացյալ ամրագրումներ, ինչը ներկայացվել է որպես երաշխավորված ներդրում՝ ընկերության կազմում գործելու թույլտվության դիմաց։