ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի ներքաղաքական գործընթացները նոր հանգրվանային փուլում են։

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ապագայի ու բանակցային պրոցեսի մասին հնչեցրած վերջին հայտարարությունները պատահական չէին և տեղավորվում են նրա քաղաքական գլխավոր գծի հետ։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ու Արցախի ուղղությամբ աշխատող քաղաքական գործակալները ակտիվացրել են Արցախից վերջնական հրաժարվելու և մեր հայրենակիցներին բախտի քմահաճույքին թողելու վաղուց պլանավորված պլանները։

Արցախում կան ուժեր, անհատներ, որոնք բնականաբար դիմադրում են Արցախի օտարման գործընթացին ու պատրաստ են մինչև վերջ կռիվ տալու, իսկ թե ովքեր են մինչև վերջ կանգնելու և ոչ ասելու թուրք-ադրբեջանական շահերի սպասարկմանը կերևա առաջիկա օրերին։

Երկուշաբթի Արցախի խորհրդարանում արտահերթ նիստ է սպասվում, որտեղ Արցախի դեմ սկսված այս գործընթացի վերաբերյալ ամենայն հավանականությամբ հայտարարություն կընդունվի։

Բացի տեքստի բովանդակությունից շատ կարևոր է հասկանալ, թե ովքեր կմիանան Արցախի ադրբեջանացումը մերժող գործընթացին և ինչ ուղերձներ կհղեն Հայաստանի իշխանությանն ու միջազգային հանրությանը։

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և այս գաղափարի համար պայքարը պետք է միավորի Արցախի ու Հայաստանի բոլոր առողջ ուժերին»։