Բնակարանաշինության ներկա տեմպերը հնարավորություն են տալու 2025 թվականի հունվարի 1-ից Արցախում առանձին բնակարաններով ապահովել բոլոր նորաստեղծ ընտանիքներին, Ազգային ժողովի նիստում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Միջնաժամկետ ծախսային ծրագրով, որի հիմքը դրվել է 2022 թվականի պետբյուջեով, 2025 թվականի հունվարից Արցախում նոր ամուսնացող զույգերն ապահովվելու են առանձին բնակարաններով։ Առաջին փուլում նորաստեղծ ընտանիքներին կտրամադրվեն՝ մեկ ու կես կամ երկու սենյականոց, այնուհետև 3 երեխա ունենալու դեպքում՝ 3 սենյականոց բնակարաններ:
Կարևորելով ժողովրդագրության բարելավումը, նախագահ Արայիկ Հարությունյանը հավելել է, որ բացի բնական աճի ապահովմանը միտված ծրագրերից, բնակչության թվի ավելացումը նախատեսվում է նաև վերաբնակեցման, հայրենադարձության միջոցով։ Այդ նպատակով ներկայիս պետական բյուջեի միջոցները թույլ են տալիս կառուցել լրացուցիչ առնվազն 500 բնակարան։
Երկրի ղեկավարն այդ առումով թիրախային ցուցանիշ է համարել տարեկան 1000 բնակարանի կառուցումը։