Սահմանադրական դատարանն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում որոշեց, որ հակասահմանադրական է Առողջապահության նախարարի հրամանի որոշ դրույթներ: Մասնավորապես, ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչեց Սահմանադրության 6-րդ կետի առաջին, երկրորդ մասերի  եւ 39-րդ հոդվածին հակասող եւ անվավեր՝ Նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց  վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների  շրջանակից:

Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նշենք, որ ՍԴ էին դիմել ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ վիճարկելով առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների մասին հրամանի սահմանադրականությունը:

Նշենք՝ ըստ որոշման, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք եւ կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Ըստ դիմումը ներկայացրած պատգամավորների՝  այդ հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատգամավորներն արձանագրել էին, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը եւ նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։