«2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը»,- հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Հետպատերազմյան իրավիճակում՝ համայնքի ճակատագրի անորոշության պայմաններում, համայնքի մի շարք բնակիչներ, հրդեհելով իրենց տները, հեռացել են գյուղից։ Համայնքի կարգավիճակի հստակեցումից հետո հրդեհված բնակարանները վերանորոգելու աշխատանքներ են նախաձեռնվել, որոնք այսօր կամ չեն իրականացվում, կամ էլ ընթանում են դանդաղ՝ հնարավորություն չընձեռելով համայնքի բնակիչներին վերադառնալու իրենց բնակավայր։

Համայնքում շատ լուրջ է արտահայտված անվտանգության հարցը, համայնքի հարակից բարձունքների վրա տեղակայված են ադրբեջանական զինված հենակետեր, որոնք անմիջական սպառնալիք են համայնքի բնակչության կյանքի և այլ կենսական իրավունքների ապահովման համար։ Գրանցվել են դեպքեր, երբ համայնքում ապրող սակավաթիվ բնակիչների խոշոր եղջերավոր անասունները հափշտակվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Բնականոն կյանքի վերականգնման համար խիստ անհրաժեշտություն է համայնքի տարածքում անվտանգություն ապահովող ուժերի տեղակայումը, այդ թվում նաև գործուն համագործակցությունը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։

Դպրոցի բացակայությունն ու անվտանգային հարցերը խոչընդոտում են համայքի բնակիչների վերադարձին։ Համայնքապետարանի շենքը դպրոցի վերակառուցելու աշխատանքները, որը նախատեսված է ավարտին հասցնելու 2022թ. հունվարին, ընթանում են շատ դանդաղ, որի հետևանքով այս պահին գյուղում բնակվող 6 դպրոցահասակ երեխաներ զրկված են կրթության իրավունքից։ Երեխաների ուսումնառությունը հարևան Գետավան համայնքի դպրոցում կազմակերպելու առաջարկը ծնողի կողմից մերժվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շաբաթական կտրվածքով մի քանի անգամ այդ նույն ճանապարհով անցնում են ադրբեջանական շարասյուները։ Համայնքի բնակիչների պնդմամբ մի քանի ընտանիքներ վերադարձել են համայնք, սակայն դպրոցի բացակայության պատճառով նորից թողել և հեռացել են։

Հարկ է նշել նաև, որ համայնքում այսօր ապրող մի քանի ընտանիքներ չեն օգտվում տարբեր կազմակերպությունների կողմից հատկացվող հումանիտար օգնությունից։

Ներկայումս համայնքում բնակվող քաղաքացիների կողմից այս հարցերը բարձաձայնվել են տարբեր խողովակներով, սակայն որևէ առաջընթաց չի արձանագրվել։

Կառավարության և տարածքային կառավարման մարմինների ուշադրությունն եմ հրավիրում բարձրացված խնդիրներին՝ ակնկալելով անհապաղ ու առարկայական միջոցառումներ Չարեքտարում համայնքի բնակիչների բնականոն կյանքն ապահովելու ուղղությամբ»,- նշված է Արցախի ՄԻ պաշտպանի տարածած հայտարարությունում: