Ամերիաբանկը 15 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր է կնքել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության հետ: Նշված ստորադաս փոխառությունը համարվում է Բազել III-ի շրջանակներում 2-րդ մակարդակի կապիտալ և ուղղված է բանկի ընդհանուր կապիտալի դիրքի ամրապնդմանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության մեր գործընկերներին մեր կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման առիթով: Սա մեր առաջին համատեղ գործարքն է, և վստահ եմ, որ այն մեր երկարատև համագործակցության սկիզբն է: Տրամադրված միջոցները թույլ կտան ամրապնդել մեր կապիտալի դիրքը Բազել III-ի կարգավորումների շրջանակներում: Այս տարի մենք ներգրավել ենք ավելի քան 30 մլն եվրոյի ստորադաս վարկային միջոցներ` ապահովելով կապիտալի ամուր դիրք և դիվերսիֆիկացված կառուցվածք և նախատեսում ենք շարունակել ընդլայնել մեր վարկային պորտֆելը` պահպանելով կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշները», — նշել է  Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Շատ ուրախ ենք, որ այս գործարքով սկիզբ է դրվում Ամերիաբանկի հետ երկարաժամկետ համագործակցությանը: Մենք անկեղծորեն ցանկանում ենք աջակցել Ամերիաբանկին Հայաստանի տեղական համայնքներում փոքր և միջին բիզնեսի և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման գործում, որոնք առանցքային նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Որպես Հայաստանի առաջատար բանկ` Ամերիաբանկի նպատակն է ընդլայնել ագրոտնտեսության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ոլորտում իր մասնաբաժինը: Ուրախ կլինենք, եթե հետագայում նման նախաձեռնություններին աջակցելու նոր հնարավորություններ ունենանք», նշել է «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի մենեջեր Ռոզա Սարկեևան:

«Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության մասին

«Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունը միավորում է մեծ թվով ներդրողների, որոնք ցանկանում են իրենց գումարները ծառայեցնել մնայուն, դրական փոփոխությունների իրականացմանը` համագործակցելով նույնկերպ մտածող նորարար ձեռներեցների և կայուն զարգացող ընկերությունների հետ: Այդ ճանապարհին «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունը ծառայում է որպես կատալիզատոր այն ոլորտներում, որոնք առանցքային նշանակություն ունեն աշխարհն ավելի արդար, կայուն և մարդասիրական դարձնելու գործում: Ընկերությունը խորը գիտելիքներ է կուտակել` 25 տարվա ընթացքում ներդրումներ կատարելով Էներգետիկայի, կլիմայի պահպանության, ֆինանսական ներառման, սննդի կայուն արտադրության և գյուղատնտեսության ոլորտներում: Ընկերությունը նաև ներդրումներ է կատարում ցուցակված ընկերություններում, որոնք էապես նպաստում են դեպի կայուն հասարակություն անցմանը: «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունն ակտիվ և պատասխանատու ներդրող է, որը 750-ից ավել ներդրումներ է կատարել աշխարհի ավելի քան 50 երկրում: 2021 թ-ի հունիսի դրությամբ կառավարվող ակտիվներում ընկերության ներդրումները կազմել են 6.1 մլրդ եվրո: Ընկերությունը «Տրիադոս Բանկ Էն Վի»-ի դուստր ձեռնարկությունն է և ամբողջությամբ պատկանում է վերջինիս: «Տրիադոս Բանկ Էն Վի»-ն հիմնադրվել է 1980 թ-ին Նիդերլանդներում և առաջատար դիրք է գրավում կայուն բանկային գործունեության ոլորտում ողջ աշխարհում:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է, դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Հանդիսանալով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն փաթեթ: Այսօր Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքների համաձայն` Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: