00:00:00

Շիրակի մարզպետն ընդունել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսին և Գյումրիում Ռուսական տան ղեկավարին

02:04, 23 դեկտեմբեր 2021

 Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին և Գյումրիում Ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևին։ Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը․ «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու, հայ և ռուս ժողովուրդների դարավոր անցյալը բարեկամության և ամուր հիմքերի վրա է դրված եղել, հիմա էլ մենք պատրաստ ենք համագործակցության և հյուպատոսարանի հետ արդեն ձևավորված գործընկերությունն ամրապնդելու։ Հաշվի առնելով թե ռազմաբազայի առկայությունը, թե Շիրակի մարզում ռուս ազգաբնակչության ներկայությունը՝ վստահ եմ, որ համատեղ նոր ծրագրեր ու նախաձեռնություններ կկարողանանք կյանքի կոչել»։ Ըստ աղբյուրի՝ Ռուսլան Կանդաուրովը շնորհավորել է Նազելի Բաղդասարյանին` մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք․ «Տիկին մարզպետ, Ձեզ արդյունավետ ու արգասաբեր գործունեություն եմ մաղթում և ինքս էլ հաստատում եմ մեր պատրաստակամությունը համագործակցելու, կարծում եմ` փոխադարձ պատրաստակամության առկայությունն արդեն լավ հիմք է գործնական քայլերի իրականացման համար»։ Կողմերն անդրադարձել են նաև հայ գերիների վերադարձի խնդրին։ Նշվում է, որ Շիրակի մարզպետը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը խնդրի կարգավորման հարցում` հյուպատոսին ներկայացնելով դեռ ԱԺ-ում այս խնդրի կարգավորմանը միտված իր քայլերը։ Մարզպետը նշել է նաև, որ վաղուց է ծանոթ Գյումրիում ռուսական տան աշխատանքին, համագործակցել է դեռ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ՝ բարձր գնահատելով գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության խորացման համար ռուսական տան ձեռնարկած քայլերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր