Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայկ Մարությանին այս երեք տարիների ընթացքում Երեւանին մատուցած ծառայությունների համար. Անշուշտ այս տարիներիին բազմաթիվ արդյունքներ են գրանցվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը՝ ներկայացնելով քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին հարցը:

«Ծանր իրավիճակ է, այս որոշմանը մենք ծանր ենք հանգել, բայց կարծում եմ՝ սա ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն էր, որովհետեւ իսկապես  առաջացել էր ճգնաժամ ավագանու եւ քաղաքապետի ինստիտուտների միջեւ: Ես շատ եմ ուզում, որ այսօր անձնավորված ելույթներ չունենանք, որովհետեւ Հայկ Մարության անձի նկատմամբ որեւէ հակակրանք չկա:

Չնայած մամուլում նշվում է, որ Հայկ Մարությանի՝ ՔՊ-ից դուրս գալն է պատճառ հանդիսացել այս պրոցեսի համար, բայց ես ուզում եմ ասել, որ դա ընդամենը առիթ է դարձել այս ճգնաժամի համար: Մենք մեկ տարի է աշխատում ենք եւ այդ աշխատանքը դժվար է ստացվում: Այստեղ ամենակարեւորը հետեւյալն է, որ ստեղծված իրավիճակը թույլ չի տա առաջիկա 2 տարիներին արդյունավետ աշխատել եւ ծառայել Երեւանին:

Հիմա քաղաքի արդյունավետ կլառավարման հարն է լուծվում:Ես վստահ եմ, որ մենք Հրաչյա Սարգսյանի քաղաքապետությամբ կշարունակենք այն բարեփոխումները, որը դուք եք սկսել, պարոն Մարությանը»,-ասաց նա:

Գալջյանը հավելեց, որ իրենց շատ են հարցնում, թե ինչու չեն գնում արտահերթ ընտրությունների. «Արտահերթ ընտրությունների գնալու երկու ճանապարհ կա. առաջինը, որ քաղաքապետը հրաժարական է տալիս եւ ավագանին նոր քաղաքապետ չի ընտրվում: Երկրորդն այն է, որ ավագանին 3 ամիս շարունակ նիստ չգումարի եւ ավագանին ցրվի: Այս տարբերակը ի վնաս քաղաքի է լինելու»,-ասաց նա:

Երեւանի ավագանին այսօր՝  դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Նիստը վարում է Հայկ Մարությանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:

Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները: