00:00:00

Այսօրվանից Արցախում ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցնում են ուժեղացված ծառայության

14:12, 21 դեկտեմբեր 2021

Ամանորի և Սուրբծննդյան տոներին ընդառաջ՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ դեկտեմբերի 21-ից ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցնում են ուժեղացված ծառայության: Նպատակը՝ տոնական օրերին հանրապետությունում հասարակական կարգի և քաղաքացիների անվտանգության պատշաճ ապահովումն է: Նախատոնական օրերին, մասնավորապես, ուժեղացված ծառայություն կիրականացնեն ոստիկանության պրոֆիլակտիկայի ծառայության ստորաբաժանումները, պարեկապահակետային ծառայության, քրեական հետախուզության և ճանապարհային ոստիկանության ծառայողները: «Տոնական օրերին մեքենա վարելու դեպքում՝ ձեռնպահ մնացեք ոգելից խմիչք օգտագործելուց: Ոստիկանությունը միաժամանակ կոչ է անում և հորդորում բոլոր ծնողներին՝ հատկապես ուշադիր լինել անչափահասների հանդեպ: Վերջիններիս զերծ պահել ոգելից խմիչք օգտագործելու, առավել ևս՝ ավտոմեքենա վարելու գայթակղությունից: Նախորդ տարիների փորձը վկայում է, որ տոնական օրերին ոստիկանության ծառայողների խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման վերաբերյալ օպերատիվ արձագանքը կտրուկ նվազեցնում է պատահարների, վթարների ու վրաերթերի ելքով  տուժածների թիվը: Ոստիկանության ծառայողներն ամենայն խստությամբ կիրականացնեն իրենց գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու վերաբերմունքը: Միասին պահպանենք տոնի լուսավոր խորհուրդը և բարձր պահենք փոխադարձ հարգանքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ: ԱՀ Ոստիկանությունը շնորհավորում է գալիք Նոր տարվա և Սուրբծննդյան տոների կապակցությամբ և մաղթում ջերմություն ու բարեկեցություն բոլորիս օջախներին», - նշված է տարածված հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր